Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ օգտվեց վետո դնելու իր իրավունքից: Նա մերժեց խորհրդարանի ընդունած որոշումը, որով մինչև 2015 թվականի գարուն հետաձգվում է գաղտնալսումներին վերաբերող վիճահարույց օրենքի ընդունումը: Նախագահը հակադարձեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի մեծամասնությանը: Ղարիբաշվիլին կոչ էր արել օրինագծի ընդունումը հետաձգել, և խորհրդարանը հետաձգմանը կողմ էր քվեարկել, այսինքն՝ հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը ևս հինգ ամիս կարող են գաղտնալսումներ իրականացնել գործող կանոնակարգով, հնարավոր է՝ այդ իրավունքը պահպանվեր ամբողջ 2015-ի ընթացքում, քանի որ նախնական տարբերակով փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2016-ին: Բայց նախագահը վետո դրեց՝ խորհրդարանին առաջարկելով հարցը լուծել մեկ ամսում՝ մինչև դեկտեմբերի 1-ը, խելամիտ ժամկետներ սահմանել փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար: Հեռուստատեսային երկուրոպեանոց ելույթում Մարգվելաշվիլին ներկայացրել է վետո դնելու իր հիմնավորումները: Առաջին հերթին՝ հանրության մեջ ամուր կոնսենսուս կա՝ «հատուկ ծառայությունները պետք է անցնեն ժամանակակից, ժողովրդավարական գործելաոճի»: «Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ գիտեի, որ ԿԳԲ-ն մեզ լսում է, մենք մեծացել ենք այդ պայմաններում: Դրանից հետո ես ապրել եմ հետխորհրդային Վրաստանում, որտեղ պետական խորհրդանիշը ուժեղացնելու համար Սահակաշվիլիի ռեժիմը դիմում էր գաղտնալսումների, մենք միասին կայացրել ենք այդ ռեժիմի վճիռը: Սա նշանակում է, որ երկու տարի անց մենք պետք է օրենսդրությունը համապատասխանեցնենք հանրության մեջ ձևավորված համաձայնությանը»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:
Մարգվելաշվիլին ողջունել է այս հարցում ներգրավված հասարակական կազմակերպություններին: Ոչ կառավարական կազմակերպությունները վաղուց պահանջում էին, որ ոստիկանությունը իրավունք չունենա մտնելու կոմունիկացիոն օպերատորների սերվերների մեջ, ինչը նրանց հնարավորություն է տալիս անվերահսկելիորեն գաղտնալսել: Ոչկառավարական կազմակերպությունները նախագահին կոչ էին արել վետո դնել խորհրդարանի որոշման վրա: Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին օրինագծում փոփոխություններ կատարելու հարցը Վրաստանի խորհրդարանում քննարկվել էր գարնանից, մայիսին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր, բայց հիմնական հարցը՝ թե որ մարմինը ինչ պայմաններում իրավունք ունի գաղտնալսումներ կատարելու, բաց էր մնացել: Խորհրդարանը այն ժամանակ որոշել էր հարցը լուծել մինչև նոյեմբերի 1-ը, հիմա էլ որոշեցին նորից հետաձգել, բայց Մարգվելաշվիլին, հակառակվելով վարչապետին ու խորհրդարանական մեծամասնությանը, վետո դրեց: Նախագահի վետոն հաղթահարելու համար նվազագույնը 76 պատգամավորի ձայն է անհրաժեշտ: