Ռուսաստանը հարգում է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների քաղաքացիների կամքի արտահայտությունը: Այս մասին հայտարարել է, ՌԴ արտգործնախարարությունը: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտարարել էին, որ պատրաստ են ճանաչելու ռուսամետ զինյալների կողմից վերահսկվող ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում տեղի ունենալիք ընտրությունները:
ՄԱԿ-ը և արևմտյան երկրները քվեարկությունը լեգիտիմ չեն համարում: «Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետություններում» այսօրվա «նախագահական և խորհրդարանական ընտրությունները» նոր խոչընդոտ են ՈՒկրաինայում խաղաղության համար: Քվեարկությունն անօրինական և ոչ լեգիտիմ է, Եվրամիությունը չի ճանաչում այն», - հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և քաղաքականության անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղի ունեցած ընտրությունները անվանել է «ֆարս տանկերի և ավտոմատների փողերի տակ», որը սպառնում է ՈՒկրաինայում խաղաղությանը: ՈՒկրաինայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհարգի միջազգային հանրության և ՄԱԿ-ի դիրքորոշումը: