«Դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայի Բազել քաղաքում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները, նրանց կմիանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- Հունգարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նա ասել է, որ փարիզյան հանդիպմանը ծավալվել են լայն քննարկումներ: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ ժամանակն է աշխատելու խաղաղության պայմանագրի վրա։ Կան Մադրիդյան սկզբունքները, ճիշտ է, որոշ պահեր դեռևս համաձայնեցված չեն։ Այդ հակամարտությունը չի կարող մեկ օրում կարգավորվել։ Մենք պետք է շարունակենք քննարկումներն այն հարցերի շուրջ, որոնք դեռևս համաձայնեցված չեն։ Հնարավոր է, որ մոտ ապագայում կրկին անհրաժեշտություն առաջանա նախագահների մակարդակով հանդիպման»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Մամեդյարովը նաև նշել է, որ Ադրբեջանը կարևոր է համարում խաղաղության պայմանագրի աշխատանքների ավարտումը։ «Մենք ուզում ենք, որպեսզի կապեր հաստատվեն՝ հարաբերություններ համայնքների միջև»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։