Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի խոսքով, Լոնդոնում և Բրյուսելում չեն ցանկանում, որ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունները տարածվեն Եվրասիական միության այլ երկրների վրա:
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Լիդինգթոնին ընդունել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները փոխանցվեն Եվրասիական միության անդամ այլ պետությունների, ի պատասխան Դեյվիդ Լիդինգթոնը նախ ներկայացրել է Մոսկվայի հետ վատ հարաբերությունների պատճառը. «Ճիշտ է, որ հարաբերությունները Եվրոպայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև վատացել են նախորդ ամիսներին, ինչը Ղրիմ ներխուժելու և բռնազավթելու Ռուսաստանի որոշման ուղղակի հետևանք է: Ղրիմը միջազգային հանրության և Ռուսաստանի կողմից ճանաչվել էր որպես ՈՒկրաինայի տարածքի մի մաս: Հարաբերությունների վատացմանը նպաստեց Ռուսաստանի ռազմական ներխուժումը Դոնեցկ ու Լուգանսկ: Վատացող հարաբերություններից հետ կանգնելու ճանապարհը Ռուսաստանի համար այն է, որ Մոսկվան սկսի կյանքի կոչել Մինսկի գագաթնաժողովի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այդ պարտավորություններից են ուկրաինական սահմանների վերականգնումը և այդ սահմանների նկատմամբ վերահսկողության հանձնումը ՈՒկրաինայի իշխանություններին, զինված անջատողականներին աջակցության դադարեցումը»:
Բրիտանացի նախարարն այնուհետև ընդգծել է․ «Իհարկե, ոչ: Մենք չենք ցանկանում, որ վերոհիշյալը վատ հարաբերությունների վերաճի Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Ճիշտ հակառակը, մենք Մեծ Բրիտանիայում, ընդհանուր առմամբ` Եվրոպայում, ցանկանում ենք այդ հարաբերությունները տեսնել ավելի ամուր: Ակնհայտ է, որ այդ հարաբերությունների բնույթը կախված կլինի առանձին երկրների, կառավարությունների ընտրությունից՝ ուժեղ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ»: