Խոստանալով 140-170 միլիոն եվրո տրամադրել` Բրյուսելը կրկին ընդգծում է, որ այս գումարը նախնական է և կախված կլինի Հայաստանում իրականացվող բարեփոխումներից ու կարիքներից: Առաջիկա երեք տարիներին Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար՝ համաձայնագիրը Բրյուսելում ստորագրել են ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հանդիպելով հայաստանյան պատվիրակությանը` Հանն ընդգծել է, որ Բրյուսելը հաստատակամ է «աջակցել Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին և կշարունակի քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո հայտարարվել է եռամյա ծրագրի առաջին փուլի մեկնարկը, որով Հայաստանը Եվրամիությունից 7 միլիոն եվրո կստանա` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու, և 12 միլիոն եվրո` մարդու իրավունքները պաշտպանելու համար:
«Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը` ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի և երեխաների պաշտպանության ոլորտներում»,- հայտարարել է պաշտոնական Բրյուսելը:
Այս համաձայնություններից բացի, ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը փաստաթուղթ են ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար: «Ես ողջունում եմ այս համաձայնագրերի ստորագրումը, հուսով եմ, որ առաջիկայում նորերը կլինեն, և, անշուշտ, շատ սերտ համագործակցություն` Հայաստանի և Եվրամիության միջև», - հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բրյուսելին` Հայաստանի դիրքորոշումը հասկանալու համար, ընդգծելով, որ Երևանը ուզում է շարունակել համագործակցությունը առևտրի և ներդրումների ոլորտում` իրականացնելով բարեփոխումներ տնտեսության բոլոր ճյուղերում: «Մենք ուզում ենք առավել գրավիչ դարձնել մեր ներդրումային դաշտը եվրոպացի գործընկերների համար»,- վստահեցրել է Ճշմարիտյանը` ԵՄ-ի հետ համաձայնագրերի ստորագրումից հետո, որոնք ամենախոստումնալիցն են Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումից հետո:
Բրյուսելում աշխատող «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվյակը ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատարից հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ, այդուամենայնիվ, Հայաստանը ստորագրի Եվրամիության Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը` առանց ազատ առևտրի գոտու մասին դրույթների: «Երեքշաբթի Բրյուսելում այս հարցով առաջին քննարկումն է լինելու, հանդիպում, որտեղ թե հայկական կողմը, թե Եվրամիությունը կնստեն մեկ սեղանի շուրջ և կհստակեցնեն` ինչ է ենթադրում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը և որոնք են ԵՄ - Հայաստան համագործակցության հետագա ոլորտները»,- ասել է հանձնակատար Յոհաննես Հանը: