Աբխազիայի իշխանությունները առաջարկում են լուրջ փոփոխությունների ենթարկել Ռուսաստանի հետ «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» պայմանագիրը, որը հանրապետության քաղաքական շրջանակներում մեծ դժգոհությունների առիթ էր տվել: Մոսկվայի շրջանառության մեջ դրած պայմանագրի նորացված տարբերակը Աբխազիայի նախագահի աշխատակազմի, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներից կազմված միացյալ աշխատանքային խմբի անդամները հանրությանը ներկայացրին անցած շաբաթավերջին: Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Ասլան Կոբախիայի խոսքով՝ փոփոխությունները տրամաբանական են, քանի որ Մոսկվայում մշակված տարբերակը չէր համապատասխանում Աբխազիայի շահերին: «Ռուսական կողմը մեզ պայմանագրի նման անհարգալից տարբերակ ուղարկելով, իսկ այն, որ պայմանագիրը այդպիսին է, ես երբեք չեմ թաքցրել, առաջնորդվում էր Աբխազիայի իշխանությունների` վերջին տարիների ցուցաբերած պահվածքով: Արդեն քանի տարի է, ինչ մենք Մոսկվայի հետ հարաբերություններում խնդրողի դերում ենք, ասելով` «այս կամ այն տվեք մեզ»,- նշում էր պատգամավորը:
Առաջին հայացքից ակնհայտ է, որ աբխազական կողմը Մոսկվայից ուղարկված փաստաթուղթը ենթարկել է արմատական փոփոխությունների` ընդհուպ մինչև վերնագիրը: Եթե համաձայնագրի ռուսական տարբերակը կոչվում էր «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին պայմանագիր», Աբխազիայի իշխանությունների պատրաստած փաստաթղթում «ինտեգրում» բառը փոխարինվել է «ռազմավարական գործընկերություն» բառակապակցությամբ: Զգալի փոփոխվել են համաձայնագրի նախագծի այն դրույթները, որոնք վերաբերում են ՌԴ բանակի հետ Աբխազիայի զինված ուժերի փաստացի միավորմանը: Պայմանագրի նախնական տարբերակով նախատեսվում էր, որ համատեղ զորախմբի կազմում պետք է ընդգրկվի ողջ աբխազական բանակը, իսկ միացյալ զորախմբի հրամանատար նշանակելու է Մոսկվան: Սուխումի առաջարկով, սակայն, համատեղ զորախմբի կազմում կընդգրկվեն միայն որոշ աբխազական ստորաբաժանումներ, իսկ հրամանատարներ կնշանակվեն ռոտացիոն կարգով:
Աբխազական կողմը առաջարկում է նաև պայմանագրից դուրս բերել «ՌԴ-ի և Աբխազիայի միջև փոխհամաձայնեցված արտաքին քաղաքականություն վարելու» պարտավորությունը: Փոխարենը, Աբխազիայի իշխանություններն առաջարկում են փաստաթղթում գրել, որ Սուխումը և Մոսկվան պարտավորվում են համակարգված արտաքին քաղաքականություն վարել: «Հակառակ պարագայում մենք ստիպված կլինենք մեր բոլոր քայլերը համաձայնեցնել Մոսկվայի հետ»,- Աբխազիայի արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի խոսքերն են մեջբերում լրատվամիջոցները: