Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին: «Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային` կանխելու պաշտպանության նախարարության մասնավորեցումը և չխանգարելու հետաքննության աշխատանքին»,- հայտարարել է Ղարիբաշվիլին «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանի դատախազությունը հայտարարել էր ՊՆ պաշտոնյաների նկատմամբ քրեական երեք գործեր հարուցելու մասին: Առաջին սկանդալը ծագել էր նախարար Իրակլի Ալասանիայի՝ արտերկրյա այցի ժամանակ, երբ ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին` խոշոր չափերի գումարներ վատնելու մեղադրանքով: Ալասանիան դա համարել է ՊՆ-ի դեմ «նպատակաուղղված հարձակում» և պահանջել իշխող կոալիցիայի քաղխորհուրդ հրավիրել: Պաշտոնանկ նախարարն արդեն հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժման» հետ: Ալասանիան խոստովանել է, որ պաշտոնանկությունն անակնկալ էր իր համար, բայց հասկանում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու տրամաբանությունը. «ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովում պիտի քննարկվի ալյանսի առաջարկած գործողությունների փաթեթը և իմ պաշտոնանկությունը, անկասկած, իր ներգործությունը կունենա հանձնաժողովի աշխատանքի վրա»,-հայտարարել է նախկին ՊՆ նախարարը: Նա կարծում է, որ Վրաստանի արևմտամետ ուժերը պետք է միավորվեն՝ ցույց տալու, որ ուկրաինականի նման «պետական սաբոտաժը» Վրաստանում չի անցնի: Վարչապետ Իրալի Ղարիբաշվիլու որոշմամբ` պաշտպանության նոր նախարար կնշանակվի Մինդիա Ջանելիձեն, որ Պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարն էր:
Իրակլի Ալասանիայից հետո հրաժարական է տվել եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերի նախարար Ալեկսի Պետրիաշվիլին: Նա ևս, ինչպես ՊՆ նախարարը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ է, որ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի մաս է կազմում: