Շվեդիայի նախկին արտգործնախարար Կառլ Բիլդտը Վրաստանում ստեղծված իրավիճակը բնութագրել է «լուրջ քաղաքական ճգնաժամ»: Twitter-ի իր միկրոբլոգում գնահատելով Վրաստանի վարչապետի որոշումը՝ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու վերաբերյալ, Բիլդտը միաժամանակ հայտարարել է, թե երկրի քաղաքական կուրսը վտանգի տակ է: «Վրաստանում լուրջ քաղաքական ճգնաժամ է: Պաշտպանության նախարարի վրա հարձակումն ավարտվեց նրա պաշտոնանկությամբ: Երկրի կուրսը կասկածի տակ է»,- գրել է նա: Նախկին արտգործնախարարը նաև տարածել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հայտարարությունը, որ երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից, այլ ոչ կուլիսներից: