ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման գաղտնի նամակ է գրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, որում խոսվում է երկու երկրների ընդհանուր շահերի մասին՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում: Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նամակում Օբաման նաև կոչ է անում համաձայնություններ փնտրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
Իրանում BBC-ի աղբյուրը հաստատել է Օբամայի նամակի՝ հոգևոր առաջնորդին հասնելը: Սպիտակ տան մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել իր խոսքով՝ նախագահի «անձնական նամակագրությունը»: Նամակն ուղարկվել է հոկտեմբերին: Այն Օբամայի առնվազն չորրորդ ուղերձն է՝ հղված Իրանի հոգևոր առաջնորդին 2009-ից սկսած: