Վրաստանի կառավարությունը հայտնվել է լուրջ քաղաքական ճգնաժամի մեջ, որը սպառնում է միջազգային հեղինակությանը, ռազմավարական հուսալիությանը և, հավանաբար, նույնիսկ երկրի անկախությանը՝ կարծում է Հարավային Կովկասի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան: Նրա խոսքով՝ «Վրացական երազանքի» ներսում բազմամյա լարվածությունը հանգեցրեց շարժման առավել փորձառու առաջնորդների կորստի, մասնավորապես նրանց, ովքեր վաղուց պայքարել են անդրատլանտյան հասարակությունում Վրաստանի ինտեգրման համար. նպատակ, որը վայելում է վրացի ընտրողների ճնշող մեծամասնության աջակցությունը:
Պատասխանելով հարցին, թե ներկա իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա, Բրայզան ասել է, որ դա կախված է նրանից, թե ով կմնա երկրի կառավարությունում: Նա հիշեցրել է, որ երբ երկրի արտաքին գործերի նախարարության ողջ կազմը հրաժարական տվեց, Ղարիբաշվիլին հայտարարեց, որ կառավարությունը նախկինի պես հակված է ԵՄ հետ ասոցացման պայմանագրի իրականացմանը: Վրացի առաջնորդները պետք է դժվար որոշումներ ընդունեն ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման պարտավորությունների կատարման համար կամ ռիսկի ենթարկեն ազգային շահերը հանուն Մոսկվայի նպատակների: Մեթյու Բրայզայի կարծիքով՝ Ռուսաստանը հստակ հասկանալ է տալիս, որ խորապես դեմ է Արևմուտքի հետ իր անմիջական հարևանների ինտեգրմանը: