Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան մեկնաբանել է իր հասցեին Վրաստանի վարչապետի վիրավորական արտահայտությունները և ասել, որ այդ հայտարարությամբ «վարչապետը կորցրել է իր դեմքը»։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Իրակլի Ալասանիային անվանել էր ավանտյուրիստ, հիմար և հավակնոտ։ «Ցավում եմ, որ վարչապետը դուրս է եկել կոռեկտության սահմաններից։ Իմ կարծիքով, նրանք, ովքեր ճիշտ են, իրենց դեմքը չեն կորցնում։ Տվյալ դեպքում վարչապետը դեմքը կորցրել է։ Բայց և այնպես, ես թանկ եմ գնահատում այն ժամանակը, որ անցկացրել եմ իմ գործընկերների ու կառավարության հետ և, բնականաբար, չեմ մեկնաբանի նրանց հայտարարությունները։ Չնայած դատախազության կատարած քայլերը բաժանել են մեր ճանապարհները, ես կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում։ Կարծում եմ, երկրի օգտին չէ, որ վարչապետը դեմքը կորցնում է։ Ես չեմ կարող պատասխանել նույն կերպ, ես հարգում եմ ինստիտուցիաները։ ՈՒզում եմ նրան կոչ անել այլևս չկրկնել դա։ Դա ճիշտ չէ և իմ, և երկրի, և իր գործընկերների հանդեպ։ Ես համոզված եմ, որ նրա այսօրվա հայտարարությունը դրական չի ընդունվում»,- հայտարարել է Ալասանիան։