Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն համոզված է, որ երկիրը նոր հեղափոխության եզրին է, որը կփորձեն կազմակերպել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները: «Վրաստանում շատ լուրջ քաղաքական ճգնաժամ է: Դա զարմանալի չէ, որովհետև Սաակաշվիլին ընդունեց խորհրդարանական հանրապետության մոդելը, որին մեր երկիրը բացարձակապես պատրաստ չէ: Այժմ «Վրացական երազանքը» կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում և առանց Սաակաշվիլու «Ազգային շարժման» նրանք չեն կարող որևԷ որոշում ընդունել»,-«Գոլոս Ռոսիի» ռադիոեթերում ասել է «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն: Նրա կարծիքով՝ Սաակաշվիլու կուսակցությունը կփորձի վերադարձնել իշխանությունը՝ օգտագործելով հակառուսական կարգախոսներ: Բուրջանաձեն չի բացառել, որ «Միասնական ազգային շարժումը» և Սաակաշվիլին կփորձեն Վրաստանում նոր հեղափոխություն խաղարկել ուկրաինական մայդանի սցենարով: Նա վստահ է, որ այդ հեղափոխությունը կարող է դառնալ վրացական պետականության վերջը: «Վրաստանը չի դիմանա ևս մեկ ցնցման: Մենք տեսնում ենք՝ ինչ եղավ ՈՒկրաինայում. երկիր որպես այդպիսին, արդեն չկա, և այնպիսի ՈՒկրաինա, որպիսին եղել է, ցավոք, այլևս երբեք չի լինի: Եվ դա շնորհիվ այն քաղաքական գործիչների, որ միանշանակ արևմտամետ դրոշ պարզեցին, ինչպես Սաակաշվիլին»,-հավելել է Բուրջանաձեն: