Իրաքի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիայի՝ «Իսլամական պետություն» խմբավորման ավտոշարասյան վրա իրականացրած վերջին օդային հարվածներից, հնարավոր է, վիրավորվել է այդ ջիհադական խմբի ղեկավարը: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, սակայն, առայժմ չի հաստատել այդ տեղեկությունը: Շաբաթ երեկոյան իրականացված օդային հարձակումներից ոչնչացվել է 10 ավտոմեքենա, որոնցում ենթադրաբար եղել են խմբավորման ղեկավարները:
ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան արդեն մի քանի ամիս օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ: Ջիհադական ահաբեկչական խմբավորումը վերահսկողության տակ է առել Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանները և այժմ շարժվում է դեպի Սիրիայի հյուսիս: