Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանում անկախության ոչպաշտոնական հանրաքվեն անցկացվեց: Կատալոնիայի իշխանությունները ավելի վաղ, տեղի տալով Մադրիդի ճնշմանը, հրաժարվել էին լիարժեք հանրաքվե անցկացնելու մտադրությունից, և սա ավելի շատ նման է հասարակական կարծիքի հարցման: Անկախական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրել 7,5 միլիոն բնակչություն ունեցող և բարգավաճ այս տարածաշրջանում անցկացվող հանրաքվեում քվեարկողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար, հույս ունենալով, որ դա կհարկադրի Իսպանիայի իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջը և Կատալոնիային քաղաքական ու տնտեսական ավելի մեծ ազատություններ տրամադրել: Կիրակի` տեղի ժամանակով 13:00-ին, Կատալոնիայում անցկացվող հանրային հարցմանը մասնակցել է միլիոնից ավելի մարդ: Հարցումն անցել է առանց միջադեպերի: Կատալոնիայում ձայնի իրավունք ունի 5,4 մլն մարդ: Հանրաքվեի հարցաթերթիկներում երկու հարց կար. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա», «Եթե այո, ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան անկախ պետություն դառնա»:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ կատալոնացիների մինչև 50 տոկոսը աջակցում է տարածաշրջանի անկախացմանը:
Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայում անցկացվող ոչպաշտոնական հանրաքվեն անվանել են «անօգուտ և ոչ ժողովրդավարական»: Մադրիդի ներկայացուցիչների խոսքով` Կատալոնիայի կառավարության ղեկավար Արթուր Մասի պահվածքը «բավականին բարդացնում է ապագան», իսկ Կատալոնիայում անցկացվող հարցումը ոչ մի իրավական ուժ չունի և որևէ քաղաքական շահ չի բերում Կատալոնիայի կառավարության ղեկավարին: