Իսպանիայի հյուսիս-արևելյան Կատալոնիա շրջանում նախօրեին անցկացված անկախության ոչ պաշտոնական հանրաքվեին մասնակցած մոտ 2 միլիոն քաղաքացիներից շուրջ 1,6 միլիոնը կողմ է արտահայտվել Իսպանիայից անկախացմանը:
Ոչպաշտոնական հանրաքվեին քվեարկողների համեմատաբար ցածր մասնակցություն է գրանցվել. Կատալոնիայում ձայնի իրավունք ունի շուրջ 5,4 միլիոն քաղաքացի: Այդուհանդերձ, Կատալոնիայի առաջնորդ Արթուր Մասը հաղթանակ է որակել դրա անցկացումը:
Սեպտեմբերի վերջին Իսպանիայի սահմանադրական դատարանը, քննելով երկրի վարչապետ Մարիանո Ռահոյի դիմումը, կասեցրել էր Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու Մասի որոշումը, այն գնահատելով ապօրինի: Չնայած ՍԴ որոշմանը, Կատալոնիայի առաջնորդները որոշել էին անցկացնել ոչպաշտոնական հանրաքվե:
Անկախական կազմակերպությունները մեծ ջանքեր են գործադրել 7,5 միլիոն բնակչություն ունեցող և բարգավաճ այս տարածաշրջանում անցկացվող հանրաքվեում քվեարկողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար, հույս ունենալով, որ դա կհարկադրի Իսպանիայի իշխանություններին նստելու բանակցությունների սեղանի շուրջը և Կատալոնիային քաղաքական ու տնտեսական ավելի մեծ ազատություններ տրամադրել:
Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ կատալոնացիների 50 տոկոսը աջակցում է տարածաշրջանի անկախացմանը: