Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի» նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը դատապարտել է Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը:
«Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը» գործում է Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղություն ու երկխոսություն հաստատելուն ի նպաստ: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս դա ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,- հայտարարել է Ռոշբլուանը:
Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով՝ նշված է հաղորդագրությունում: «Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: «Այս սադրանքը ի չիք է դարձնում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ի հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում», - շեշտել է Ֆրանսուա Ռոշբլուանը: