Независимая газета-ի հոդվածագիր Յուրի Ռոքսն անդրադարձել է նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժին պատկանող Մի-24 ուղղաթիռի խոցման միջադեպին և ներկայացրել է հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները: «Հայկական կողմի վարկածը հաստատում է ցածրորակ տեսանյութը, որը հավանաբար արվել է հեռախոսով և տեղադրվել է սոցցանցերում: Եթե հենց դրանք են հիշատակված Մի-24-ի ողբերգական կործանման կադրերը, թվում է՝ իրոք այն արվել է հայկական դիրքերի ուղղությամբ թռչող ուղղաթիռի հետևից: Հետևաբար, մյուս վարկածը՝ ադրբեջանական դիրքերի վրա հարձակում իրականացնելու վերաբերյալ, հասկանալի չէ»,- գրում է հոդվածագիրը:
Հայկական կողմին էլ, անշուշտ, հարցեր կան: Ինչո՞վ էր արդարացված ուղղաթիռի՝ ադրբեջանական դիրքերին այդքան մոտ լինելը: Հանձնարարվել էր թռչել չեզո՞ք գոտում, թե՞ անձնակազմն իրոք հայտնվել էր «ադրբեջանական երկնքում», թեկուզ առանց հետին մտքի, ինչը շատ հնարավոր է, քանի որ որոշ տեղերում հակառակորդներին մի քանի տասնյակ մետրեր են բաժանում:
«Այդ հարցերի պատասխանները դեռ պետք է ստանանք: Հստակ է, սակայն, ճշգրիտ հարվածը խաչ քաշեց բանակցային գործընթացի վրա»,- գրում է նա:
Պատահական չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները շտապեցին կողմերին զսպվածության կոչ անել, ինչպես նաև՝ առավելագույն ջանքեր գործադրել, որ մարտական գործողությունները չվերսկսվեն:
Ադրբեջանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը փակելու մասին: Որոշումը շատ հասկանալի չէ, քանի որ այն արդեն իսկ փակ էր 1994-ի ադրբեջանական կառավարության որոշմամբ: Չնայած դրան, ինչպես հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնեց հենց օդային ճանապարհով: