ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան, «168 ժամի» հարցմանն ի պատասխան, ասել է, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը` ադրբեջանցիների կողմից հայկական ուղղաթիռը խոցելը, պետք է հետաքննվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: «Ադրբեջանական զորքի ներկայությամբ շփման գծում` Ադրբեջանի Աղդամ շրջանում, հայկական հարձակողական ուղղաթիռի թռիչքը և այն ադրբեջանցի զինվորների կողմից ակնհայտորեն խոցելը պետք է մանրակրկիտ հետաքննության ենթարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից»,- ասաց Բրայզան: Նա հավելել է. «Շփման գծի երկայնքով ռազմական սադրանքները ցանկացած պարագայում խաթարում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը և կարող են հանգեցնել սխալ հաշվարկների, որոնք իրենց հերթին` լայնածավալ պատերազմի բռնկման պատճառ կարող են դառնալ: Իրավիճակը մասնավորապես վտանգավոր է ՈՒկրաինայում Ռուսաստանի վարած հիբրիդային պատերազմի լույսի ներքո, որ ընդգրկում է շարունակվող հարձակումները և ռուսական զինուժի տեղաշարժերը, որոնք Մոսկվան համառորեն հերքում է, և որոնք ավելացնում են լարվածությունը Ռուսաստանին հարակից բոլոր երկրներում` ներառյալ Ադրբեջանը և Հայաստանը»։