ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ռազմական ուղղաթիռի խոցման միջադեպից հետո՝ hայտարարել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ֆարհան Հաքը: Նրա խոսքերով՝ գլխավոր քարտուղարը «կիսում է լուրջ մտահոգությունը», որը հայտնել էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, և կողմերին հիշեցնում է «հրադադարի մասին համաձայնագիրը պահպանելու և հարգելու» անհրաժեշտության մասին:
«Գլխավոր քարտուղարը նաև բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրմանն ու հանձնառու մնալ իրենց պարտականություններին՝ հակամարտության խաղաղ լուծման համար»,- ասել է նա: