Իտալիայի պատգամավորների պալատի անդամ Ռոմինա Մուրան հարց է բարձրացրել երկրի կառավարության առջև` Իտալիայում Թուրքիայի դեսպանատան գործունեության առնչությամբ: «Հաջորդ տարի կնշվի Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին զոհ գնաց 1,5 միլիոն մարդ: Այսքան տարի հետո էլ Թուրքիան շարունակում է ժխտել, որ իրագործել է ցեղասպանություն, և ճնշման քաղաքականություն է վարում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «ցեղասպանություն» են կոչում քրիստոնյա հայերի ոչնչացումը: Թուրքական կառավարությունը անգամ թիրախավորել է Հռոմի պապ Ֆրացիսկին, ով ցեղասպանությունն անվանել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: Ռոմինա Մուրան գրել է հոկտեմբերի 24-25-ին իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնի նախաձեռնությամբ Կալյարի քաղաքում կայացած Միջերկրածովյան քաղաքականության 2-րդ միջազգային ժողովի մասին, որի քննարկումներից մեկն ամբողջությամբ նվիրված էր Հայոց ցեղասպանությանը:
«Համաժողովին մասնակցում էին նաև Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը և Կալյարիի քաղաքապետ Մասիմո Զեդան: Քաղաքապետը ցույց տվեց այն գաղտնի նամակը, որ ստացել էր Իտալիայում Թուրքիայի դեսպանատնից, որում գրված էր` չմասնակցել միջոցառմանը` համարելով ոչ խելամիտ: Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը հաստատել է, որ նման ճնշումները Թուրքիայի կողմից դիվանագիտական ուղիներով բացառություն չեն Իտալիայում, և բազմիցս թուրքական իշխանություններն իրենց բողոքի նոտան են հղել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունների դեմ»,- գրել է նա:
Հավարտ՝ պատգամավորն Իտալիայի կառավարության առջև հարց է բարձրացրել. «Չեք կարծում, որ այս ամենը թուրքական իշխանությունների կողմից դիվանագիտական ուղիներով լուրջ միջամտություն է այն հարցերին, որոնք վերաբերում են Իտալիայի Հանրապետության քաղաքացիների ազատ արտահայտմանը: Նպատակահարմար չե՞ք համարում բողոքի ակցիա իրականացնել թուրքական կառավարության դեմ` Կալյարիի քաղաքապետի նկատմամբ Իտալիայում թուրքական դեսպանության վերաբերմունքի համար»: