Բրյուսելում հանդիպում են ԵՄ արտաքին գործերի նախարարները, օրակարգի հիմնական հարցերից մեկը իրավիճակն է ՈՒկրաինայում և ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը: Նախօրեին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել էր, որ պատժամիջոցները չեն վերաբերի տնտեսության առանձին ճյուղերի, հավանաբար կմեծացվեն անհատական ցուցակները: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին համոզված է, որ սոսկ պատժամիջոցներով ուկրաինական ճգնաժամը չի հաղթահարվի, պետք են բարեփոխումներ ՈՒկրաինայում ու երկխոսություն Ռուսաստանի հետ:
«Իրավիճակն ՈՒկրաինայում հնարավոր է կայունացնել միայն երկրի ներսում ու Ռուսաստանի հետ երկխոսության հիմքի վրա,- հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը:- Պետք է վերադառնալ դիվանագիտական կարգավորման ճանապարհ և հրաժարվել առճակատումից: Պետք է ամբողջությամբ կատարվեն Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԵՄ-ն պատրաստ է լիովին աջակցելու ՈՒկրաինային»: Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Չառլզ Ֆլանագանը հաղորդել է, որ ԵՄ արտգործնախարարների հավաքում կքննարկվի միայն ՌԴ-ի ու ՈՒկրաինայի սև ցուցակների ընդլայնման հարցը: «ՈՒկրաինայի ճգնաժամը ռազմական լուծում չունի: Մենք պետք է շարունակենք քաղաքական ջանքերը և ճնշում գործադրելը՝ ներառյալ նպատակային պատժամիջոցները առանձին անձանց նկատմամբ»,- ասել է նա:
Տնտեսական պատժամիջոցների շարունակման կողմնակից են մերձբալթյան երկրները, նրանց տեսակետը արտահայտել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինկյավիչուսը: «ԵՄ-ն պետք է քննարկի նոր տնտեսական պատժամիջոցների հարցը, բայց առայժմ հնարավոր չէ ասել՝ կհաջողվի՞ պայմանավորվել, թե՞ ոչ: Մենք ուրիշ ոչինչ չենք կարող անել, պետք է շարունակենք ճնշում գործադրել»,- ասել է Լինաս Լինկյավիչուսը: Նրա կարծիքով՝ առանձին անհատների նկատմամբ նպատակային պատժամիջոցները բացարձակապես անհրաժեշտ են: Հակառակ իր եվրոպացի գործընկերների մեծ մասի՝ նա կարծում է, որ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցները իսկապես արդյունավետ են: