Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկրի եվրաինտեգրումը այլևս անբեկանելի որոշում է։ Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ Վրաստանը փոխում է արտաքին քաղաքական ուղղությունը: Խոսակցությունների պատճառ դարձավ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելը, որից հետո նա հայտարարեց, թե դա քայլ է Վրաստանի եվրատլանտյան ընտրության դեմ։ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել Եվրամիության բարեփոխումների ուժը իր երկիրը տարածաշրջանում հաջողակ դարձնելու համար։