ԱՄՆ-ի պետդեպարտամենտում տեղյակ են, որ արգելվել է ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը ադրբեջանցիների խոցած հայկական ուղղաթիռի անկման վայր։ Այդ մասին «Ամերիկայի ձայն»-ի հարցին ի պատասխան ասաց պետդեպարտամենտի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Ջեֆ Ռաթկեն։
«Ամերիկայի ձայն»-ի հարցին՝ տեղեկություններ ունե՞ն, որ Երևանում ԱՄՆ-ի դեսպանը ադրբեջանցիների կողմից կործանված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինները դուրս բերելու հարցով հանդիպում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի հետ, Ռաթկեն պատասխանեց , թե ինքն այդ մասին տեղեկություններ չունի, ու խնդրեց ներկայացնել հարցի բովանդակությունը։ Պետդեպարտամենտում «Ամերիկայի ձայն»-ի մշտական թղթակիցը նշեց, որ դա էր իր առաջին հարցի էությունը։ Երկրորդ հարցն ուղղելով՝ նա ասաց, որ ԵԱՀԿ-ի պաշտոնյային թույլ չի տրվել այցելել ուղղաթիռի կործանման վայրը։ «Արդյո՞ք այս քայլը պաշտպանում է ԱՄՆ-ը»,- հարցրեց թղթակիցը։ «Մենք գիտենք, որ արգելել են ԵԱՀԿ-ի ներկայացուցչի այցը։ Եվ մեր դիրքորոշումը չի փոխվել։ Սա մեկ անգամ ևս հիշեցնում է բոլոր կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար ջանքերը կրկնապատկելու կարևորությունը։ Դրանից ավելին ասելու ոչինչ չունեմ», - պատասխանել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարը։