Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինի նամակը նախագահ Վլադիմիր Պուտինին անձնական չէր՝ ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, բայց չի բացահայտել նամակի բովանդակությունը: Նամակը Մոսկվա է բերել Փհենյանի հատուկ բանագնաց Ցոյ Ռեն Խեն: Նա Մոսկվա է եկել նոյեմբերի 17-ին: Մոսկվայից բանագնաց, Կորեայի աշխատանքային կուսակցության քաղբյուրոյի նախագահության անդամ, ԱԿ կենտկոմի քարտուղար Ցոյ Ռեն Խեն նոյեմբերի 24-ին կմեկնի Խաբարովսկ ու Վլադիվոստոկ: Ռուսաստանում նա պատրաստվում է քննարկել ոչ միայն փոխհարաբերությունների ակտուալ հարցեր, այլև Կորեական թերակղզու միջուկազերծման հեռանկարներն ու Ասիայի հյուսիս-արևելքի անվտանգության խնդիրները:
Նոյեմբերի 19-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինն ընդունեց ԿԺԴՀ-ի նոր դեսպան Կիմ Խեն Չժունի հավատարմագիրը: ՌԴ նախագահին հավատարմագրերը հանձնելուց հետո նորանշանակ դեսպանների ու միջազգային կառույցների մշտական ներկայացուցիչների գործունեությունը ստանում է պաշտոնական կարգավիճակ: Մինչդեռ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին ցանկանում են դատել մարդկության դեմ գործած հանցանքների համար: ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին նշված է 2014-ի մարտին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում: Հիշատակված են աշխատանքային ճամբարների համակարգը, բանտարկյալների իրավունքների պարբերական ոտնահարումները՝ նրանց սովի մատնելն ու սպանելը՝ ինչպես անում էին նացիստները իրենց մահվան ճամբարներում: Այդ զեկույցի հիման վրա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ հանձնաժողովը (սոցիալական, հումանիտար, մշակութային հարցերի) բանաձև է ընդունել, որը դատապարտում է ԿԺԴՀ-ի ղեկավարությանը՝ նրանց այդ հանցագործությունների համար պատասխանատու որակելով: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովը կոչ է արել Անվտանգության խորհրդին հարցը լուծել՝ պատասխանատվության ենթարկելով Կիմ Չեն Ինին: Նրա հարցով պետք է զբաղվի Միջազգային քրեական դատարանը: «Այդ անհիմն ու զայրացուցիչ արշավը սկսել են ԱՄՆ-ը և նրա հետևորդները՝ փորձելով ոչնչացնել Հյուսիսային Կորեայի պետական կարգն ու սոցիալական համակարգը: Դա մեզ ստիպում է այլևս ձեռնպահ չմնալ միջուկային փորձարկումներից»,-հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ներկայացուցիչ Չո Մեն Նամը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամեն տարի հրապարակում է զեկույցներ, որոնք դատապարտում են մարդու իրավունքների խախտումները Իրանում, Չինաստանում, Մյանմայում, Սիրիայում, սակայն Հյուսիսային Կորեային վերաբերող զեկույցն առաջին անգամ կոչ է անում գործը հանձնել Միջազգային քրեական դատարան: