Նոյեմբերի 21-23-ին Հայաստանում կանցկացվի «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները: Մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովը: Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի փոխնախարարները, խոշոր թանգարանների տնօրենները, անվանի գիտնականներ և մշակութային գործիչներ, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթի նախարարությունների միջև կկնքվի թանգարանների համագործակցության մասին համաձայնագիր: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կբացվի «Երկու հսկա՝ Ս. Ռախմանինով և Ֆ. Շալյապին: Հայացք 21-րդ դարից» ցուցահանդեսը:
Համաժողովի մասնակիցների համար կկազմակերպվեն այցելություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանային համալիր, Մատենադարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Հայաստանի պատմության թանգարան և Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:
Համաժողովն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ և ՌԴ մշակույթների նախարարությունների նախաձեռնությամբ, Թանգարանների միջազգային խորհրդի ռուսաստանյան կոմիտեի (ԻԿՕՄ Ռուսաստան), Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄ Հայաստան) աջակցությամբ: