Ստամբուլի էներգետիկ և տնտեսական հարցերով համաժողովում, որին մասնակցում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և հայտարարել, թե Հայաստանն այդ նախագծից դուրս է մնացել Ադրբեջանի հետ խնդիրների պատճառով: Նա հայտարարել է, թե Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Թուրքիայի և ԱՄՆ-ի ընդհանուր հաջողությունն է:
«1999-ին, երբ Քլինթոնն այստեղ էր, ստորագրվեց համաձայնագիրը: Շատերը չէին հավատում, որ այն կյանքի կկոչվի: Ադրբեջանը դրանով տնտեսական մեծ ձեռքբերում գրանցեց: Վրաստանն ու Թուրքիան էլ օգտվեցին դրանից: Սակայն Հայաստանն այդ տնտեսական ակտիվացումից դուրս մնաց: Ինչո՞ւ, քանի որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը շարունակում է պահել օկուպացման մեջ»,- ասել է նա: Թուրքիայի վարչապետը խաղաղության կոչ է արել և նշել է, թե ամեն ինչ քննարկվել է և խաղաղության հասնելու համար միայն քաղաքական կամքն է պակասում: «Եկեք մեկ վայրկյան առաջ խաղաղության հասնենք: Ամեն ինչ քննարկվել է, միայն քաղաքական կամքն է պակասում: Այստեղից Հայաստանին կոչ եմ անում: Ադրբեջանի ու Հայաստանի միջև բարեկամության հաստատման համար ամենից շատ ուրախացողը Թուրքիան է լինելու»,- ասել է նա: