Լիտվացի քաղաքագետ Լաուրինաս Կաշչյունասի պնդումը, որ Կալինինգրադի մարզը, Պոտսդամի համաձայնագրով, իբր, ԽՍՀՄ-ի կառավարմանն է հանձնվել 50 տարով, ուստի պետք է Գերմանիային վերադարձնելու հարցը բարձրացնել, անհիմն են՝ հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: «Դա հիվանդագին ֆանտազիա է մարդու, որ իրեն համարում է փորձագետ: Եթե նա կարդար Պոտսդամի կոնֆերանսի փաստաթղթերը, կիմանար, որ Կալինինգրադի մարզի վերաբերյալ որևէ համաձայնագիր չի կնքվել և որևէ պայման չի քննարկվել»,- ասել է քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը միայն ի գիտություն են ընդունել Ստալինի հայտարարությունը, որ իբրև պատերազմի ընթացքում կրած ծանր կորուստների փոխհատուցում՝ Խորհրդային Միությանը պետք է անցնի Արևելյան Պրուսիայի տարածքը, որի մեջ էր հետագայում Լիտվայի կազմ մտած Կլայպեդայի մարզը Կլայպեդա նավահանգստով:
Քաղաքագետի կարծիքով՝ Արևմուտքը ինչ հարց ասես կարող է բարձրացնել: «ԱՄՆ-ում, օրինակ, օրենք կա ԽՍՀՄ-ի оկուպացված ժողովուրդների մասին, որը նախատեսում է Ռուսաստանի մասնատում էթնիկ սահմաններով: Հիմա այդ հարցը բարձրացնելը նշանակում է Ռուսաստանի հետ սուր առճակատման գնալ: Մենք նույնպես կարող ենք բարձրացնել Կլայպեդայի հարցը»,-ասել է փորձագետը:
Միխայիլ Ալեքսանդրովը պարզաբանել է, որ Կլայպեդայի մարզը Լիտվային է տրվել խառը պայմանավորվածությունների պատճառով, ի տարբերություն Վիլնյուսի մարզի, որը փոխանցվել է 1939-ի պայմանագրով, իսկ 1940-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության որոշումով նոր սահմաններ են հաստատվել Լիտվայի ու Բելառուսի միջև: «Այդ պատճառով, եթե հիմա դրվի Կալինինգրադի մարզի հարցը, պետք է միաժամանակ բարձրացնել Կլայպեդայի մարզի հարցը»,- ընդգծել է նա: