Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան Սոչիում ստորագրելու է Ռուսաստանի հետ համագործակցության և ռազմավարական գործընկերության պայմանագիրը։ Խաջիմբան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով է մեկնում Ռուսաստան։ Պայմանագրի նախագծին հավանություն է տվել ՌԴ կառավարությունը: Բազային փաստաթուղթը նախատեսում է Ռուսաստանի և Աբխազիայի միջև սոցիալական, տնտեսական, հումանիտար, քաղաքական, արտաքին քաղաքականության և պաշտպանության բնագավառներում աստիճանաբար ավելի սերտ համագործակցություն հաստատում` Աբխազիայի ինքնիշխանությունը պահպանելու պայմանով։ Պայմանագիրը կնքվելու է տաս տարով և հետագայում հինգ տարին մեկ կարող է երկարաձգվել։
Պայմանագրի նախագծի առաջին տարբերակը, որը քննարկման էր ներկայացվել հոկտեմբերին, որոշ առումներով ընդունելի չէր աբխազական կողմի համար և ստորագրումից առաջ լրամշակվել է։ Տարաձայնությունները վերաբերում էին նախևառաջ արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը։
Ռուսական տարբերակում կար «արտաքին ասպարեզում Ռուսաստանի և Աբխազիայի համաձայնեցված քաղաքականության անցկացնելու» դրույթ, աբխազական կողմի պնդմամբ հաստատվել է «համակարգված քաղաքականություն» եզրը։ Բացի այդ, ռուսական տարբերակը ենթադրում էր «միացյալ սոցիալ-տնտեսական տարածքի ստեղծում», սակայն աբխազների պահանջով փաստաթղթում կնշվի «ընդհանուր սոցիալ-տնտեսական տարածք»։
Ռուսներն առաջարկել էին ստեղծել Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միավորված խմբավորում, որը կգտնվի միավորված հրամանատարության տակ և կունենա ընդհանուր պաշտպանական ենթակառուցվածք։Աբխազները առաջարկել են երկու երկրների զինված ուժերի կազմից դուրս հանել միավորված խմբավորումը, Սուխումին համաձայն է, որ ղեկավարի Ռուսաստանի ներկայացուցիչը՝ պայմանով, որ հրամանատարի տեղակալին կնշանակի Աբխազիան։ Փաստաթղթում կնշվի, որ հարձակումը կողմերից մեկի վրա կհամարվի հարձակում մյուս կողմի վրա, աբխազները առաջարկել են ավելացնել դրույթ, որ Աբխազիայի տարածքում ռազմական միավորված խմբավորման կիրառումը պետք է համաձայնեցվի Աբխազիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ։ Միավորված խմբավորումը կստեղծվի ոչ թե ռուսների առաջարկած երեք, այլ աբխազների առաջարկած վեց ամսվա ժամանակամիջոցում։ Աբխազիան նաև պահանջել է օրինագծից հանել դրույթը, որ Աբխազիայի այն քաղաքացիները, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, կարող են պայմանագրով ծառայել Աբխազիայի տարածքում տեղակայված ռուսական ստորաբաժանումներում։ Սուխումին փոխել է օրինագծում նշված կետը, որ կողմերը պետք է փոխադարձաբար ապահովեին պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ միայն Ռուսաստանը կձեռնարկի լրացուցիչ միջոցներ, որոնք աբխազների համար կապահովեն ռուսական քաղաքացիություն ստանալու դյուրին ընթացակարգ։ Ըստ վերլուծաբանների՝ Սուխումին ցանկանում է սահմանափակել աբխազական քաղաքացիության տրամադրումը ռուսաստանցիներին՝ հակառակ դեպքում տեսանելի ապագայում տարածքի ինքնիշխանությունը կհայտնվի վտանգի տակ։