Լեհաստանը հավատարիմ է` հակամարտության գոտում զենք չմատակարարելու իր դիրքորոշմանը՝ դիվանագիտական առաքելությունն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Ռազմական պատվերներ կատարող հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը զբաղվելու է անձերի պաշտպանությանն ուղղված ապրանքների արտադրմամբ՝ պարզաբանել է դեսպանը: «Հավատացեք դժվար է պատկերացնել, որ պաշտպանական զրահաբաճկոնով կարելի է մեկին վնասել, եթե դրանով չհարվածես»,- ասել է նա:
Զդիսլավ Ռաչինսկին նշեց, որ Լեհաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ունի նույն դիրքորոշումը՝ շահագրգիռ կողմերը խաղաղ երկխոսություն պիտի ծավալեն: «Այդ իսկ պատճառով Լեհաստանը աջակցում է Մինսկի խմբին և սկզբունքներին, որոնք ենթադրում են խաղաղ համաձայնագրի ստորագրում: Այդ պատճառով լարվածությունը շփման գծում, ագրեսիվ հռետորաբանությունը չի ծառայում հակամարտության խաղաղ կարգավորմանը և կայունության ապահովմանը»,- ասաց նա: Նա նկատեց, որ նույնիսկ Եվրոպայի հարյուրամյա պատերազմը ավարտվեց համաձայնագրով: «Հայաստանը և Ադրբեջանը դատապարտված են խաղաղության: Հայաստանը և Ադրբեջանը հարևաններ են և չեն կարող աշխարհագրությունը փոխել, սակայն կարելի է փոխել աշխարհաքաղաքականությունը, անհրաժեշտ է դաստիարակել այնպիսի հասարակություն, որը պատրաստ կլինի խաղաղության»,- ասաց նա:
Նա գտնում է, որ այսօր Մինսկի խումբը փոխարինելու այլ համակարգ չկա: «Չեմ կարծում, որ Հայաստանը հետաքրքրված լինի ձևաչափի փոփոխմամբ , սակայն ծայրահեղության մեջ ընկնել և գերագնահատել Մինսկի խմբի ուժը պետք չէ»,- ասաց նա: