ԱԺ արտաքին հարաբերությունների և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումներում՝ «ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ կառավարության ստեղծած 22 աշխատանքային խմբերի ղեկավարները ներկա են և կարող են առավել մանրամասն պատասխանել բոլոր հարցերին:
Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հիշեցրեց մինչև ստորագրումը ինչ գործընթացներ են տեղի ունեցել՝ նշելով, որ գործընթացը սկսվեց 2013-ի սեպտեմբերի 3-ից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու այնուհետև ԵՏՄ-ին անդամակցելու մտադրությունը: Հոկտեմբերի 10-ին ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահն ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը և ճանապարհային քարտեզը:
«ՀՀ-ի ՌԴ-ի, Ղազախստանի և Բելառուսի, ԵՏՄ-ի կողմից ստեղծվեց հնգակողմ աշխատանքային խումբ»,-ասաց նա: ԵՏՄ անդամակցությունը ենթադրում է ապրանքների, ծառայությունների, և աշխատուժի ազատ տեղաշարժ: Էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտների համաձայնեցված քաղաքանություն։ «ԵՏՄ հիմնական նպատակն է անդամ պետությունների կայուն համագործակցությունը, միասական շուկայի ձևավորումը և միջազգային շուկայում անդամ պետությունների մրցունակության բարձրացումը»,-ասաց նա: Փոխնախարարը նշեց, որ պայմանագիրն ունի 32 հավելված: Բուն պայմանագրում ներառված են նպատակներն ու խնդիրները, գործունեության շրջանակները, ԵՏՄ մարմինների լիազորությունները, գործունեության կարգը:
«Միության իրավունք են կազմում ԵՏՄ պայմանագիրը, Միության շրջանակներում և երրորդ պետությունների հետ միջազգային պայմանագրերը, հանձնաժողովի պարտավորություններն ու որոշումները»,-ասաց նա և հավելեց, որ ԵՏՄ մարմիներ են ԵՏՄ բարձրագույն խորհուրդը, միջկառավարական խորհուրդը և ԵՏՄ հանձնաժողովն ու դատարանը: Քանի որ ՀՀ-ն ԵՏՄ-ի հետ չունի միասնական սահման, նախատեսված է տարանցիկ փոխադրման հարցերը կարգավորվող համաձայնագիր: 2016թ-ից ՀՀ-ն ԵՏՄ բյուջե պետք է վճարի իր մասնաբաժինը. «Հայաստանի Հանրապետությունն անդամվճար է վճարելու, որը կազմում է այն տոկոսադրույքը, որը կստանանք միասնական մաքսատուրքերից, այսինքն՝ 2016թ-ի հունվարի 1-ից ՀՀ-ն 1,13-րդ մասը կվճարի»,-ասաց նա:
Ինչ ֆինանսական ռեսուրսներ է ստանալու Հայաստանը հարցին Կարայանը պատասխանեց. «ԵՏՄ խորհրդի կողմից հաստատված է, թե ինչպես են բաշխվելու մաքսատուրքերը ԵՏՄ անդամ պետություններին։ ՀՀ-ի մասով հաշվարկված է և համաձայնագրով ամրագրված է, որ ՀՀ-ն ԵՏՄ տարածք ներմուծված երրորդ երկրների կողմից ապրանքների գանձվող մաքսատուրքերից, ՀՀ-ի մասնաբաժինը կկազմի 1,13%, այսինքն, երբ համաձայնագիրը ուժի մեջ մտնի հունվարից, ՀՀ մաքսատուրքերը կհաշվարկվեն ԵՏՄ ամբողջական մաքսատուրքերից»,-ասաց նա:
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը միանալու է 2015 թվականի հունվարի մեկից՝ լսումների ժամանակ իր ելույթում ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Մեր պայմանագիրը կոչվում է ոչ թե պայմանագիր Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին, այլ պայմանագիր ԵՏՄ պայմանագրին միանալու մասին: Ուշադիր եղեք, մենք միանում ենք պայամանագրին: Եթե մենք հարցադրում անենք, որ միանում ենք բուն միությանը, կասեն՝ այդ միությունը գոյություն չունի, ամսի մեկից է գոյություն ունենալու: Մենք պետք է դեռ միանանք պայմանագրին»,- ասաց Քոչարյանը: Նա ասաց, որ մտահոգիչ էր այն հարցը, որպեսզի Հայաստանի և Վրաստանի միջև առկա Ազատ առևտրի ռեժիմը հանկարծ հարցականի տակ չդրվեր, չտուժեին Իրանի հետ Հայաստանի տնտեսական կապերը: «Մեզ հաջողվեց բանակցել, մեր գործընկերները համաձայնվեցին, որ ֆիքսվի, որ այն պայմանագրերը, որոնք ստորագրել ենք մինչև 2015 թվականի հունվարի մեկը, շարունակեն գործեն: Ամեն ինչ արեցինք, որ մեր միանալն այս պայմանագրին չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Նույնը վերաբերում է նաև Իրանին»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Արտաքին գործերի փոխնախարարը նշեց նաև, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը հասավ նրան, որ Եվրասիական հանձնաժողովում ունենա կոլեգիայի երեք անդամ, ինչպես մնացած երկրները, սակայն ֆիքսվել է, որ այդ երեք անդամն ունենալու են մեկ ձայն: «Այսպիսով, եթե որոշումներ կայացվում էին 6 ձայնով, Հայաստանի անդամակցությունից հետո 7 ձայնով է որոշումն անցկացվելու: Այսինքն՝ եթե երկու պետություն փորձեն որոշում անցկացնել, առանց Հայաստանի դա անհնար է»,- ասաց Շավարշ Քոչարյանը: Նա նշեց, որ տնտեսական այս միությունը Հայաստանին տալիս է դյուրին հնարավորություններ՝ այս պահին երեք երկրների հետ առևտրատնտեսական կապերի հաստատման համար, նպատակ կա միության շրջանակներում Ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրել Վիետնամի, Իսրայելի և Հնդկաստանի միջև: «Հասկանալի է, թե ինչ առավելություններ է տալիս Հայաստանին այս միությունը»,- ասաց նա: