Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ստոկհոլմում բացվել է Հայաստանի դեսպանությունը

Ստոկհոլմում բացվել է Հայաստանի դեսպանությունը
25.11.2014 | 17:53

Նոյեմբերի 24-ին սկսվել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Շվեդիա։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը բանակցել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ զգալիորեն ակտիվացել են երկկողմ հարաբերությունները, ինչն արտահայտվել է փոխայցելությունների, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Երևանում և Ստոկհոլմում դեսպանությունների հիմնադրմամբ, Հայաստանի տնտեսության նկատմամբ շվեդական ընկերությունների հետաքրքրության աճով։
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների բանակցությունների օրակարգում էին
հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ՀՀ-ԵՄ համագործակցությունը, միջազգային հրատապ խնդիրները։ Տարածաշրջանային խնդիրների քննարկման համատեքստում նախարարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների շուրջ։ Անդրադառնալով հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Նախարարները համակարծիք էին, որ դեսպանությունների բացումը նոր խթան կհաղորդի երկկողմ փոխգործակցության խորացմանը։ Շվեդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է. «Այս պահին կարևոր է հաղթահարել այն խիստ բացասական իրավիճակը, որը ստեղծվել է Փարիզի գագաթնաժողովից անմիջապես հետո Բաքվի սադրիչ գործողությունների՝ ադրբեջանական զինուժի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման և անձնակազմի անդամների զոհվելու հետևանքով»:
Էդվարդ Նալբանդյանը Մարգոտ Վալստրյոմին հրավիրել է Հայաստան։
Նույն օրը տեղի Ստոկհոլմի պատմական Ազնվականության պալատում՝ Ռիդդարհյուսեթում, տեղի է ունեցել Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Շվեդիայի կառավարության և արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ռիկսդագի անդամներ, Ստոկհոլմում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, շվեդահայ համայնքի ներկայացուցիչներ։
Հանդիսությանը ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեդիայի ռազմավարական զարգացման նախարար Քրիստինա Պերսոնը։
Իր խոսքում նախարար Նալբանդյանը, անդրադառնալով հայ-շվեդական հարաբերությունների անցյալին և ներկային, ասել է. «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Շվեդիայի Թագավորության մայրաքաղաքում` նշանավորելու հայկական դեսպանության պաշտոնական բացումը, մենք արտահայտում ենք մեր ձգտումը` նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:
Չնայած հայ-շվեդական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 22 տարի առաջ, կան բազմաթիվ վկայություններ, որ մեր ժողովուրդները առնչվել են դեռ վաղ միջնադարից: 16-17-րդ դարերում Արևելքը Շվեդիային կապող առևտրական ճանապարհը հայ վաճառականների ակտիվության շնորհիվ հաճախ կոչվել է «Հայկական ճանապարհ»: Շվեդիայի պատմության ընթացքում հայտնի են հայ ծագումով դիվանագետներ, գիտնականներ»։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է. «Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Ալմա Յոհանսոնի և շվեդ այլ միսիոներների, որ օգնության ձեռք են մեկնել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը վերապրածներին։ Այս համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնել Շվեդիայի խորհրդարանին՝ Ռիկսդագին, 2010 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»։ Նախարար Նալբանդյանը կարևորել է շվեդահայ համայնքի դերակատարությունը՝ որպես Հայաստանը և Շվեդիան կապող օղակ։
Դեսպանության բացման առիթով Ազնվականների միության արխիվից հանդիսությունների սրահում ցուցադրման էին ներկայացված ծագումով հայ շվեդ դիվանագետ Իգնատիուս Մուրադջանյանին 1780 թ. ազնվականի տիտղոս շնորհելու Շվեդիայի արքայական հրովարտակը, այլ պատմական փաստաթղթեր։
Միջոցառմանը հայ և շվեդ հեղինակների կատարումներով հանդես է եկել հայ երաժիշտների լարային քառյակը։
Բացի քաղաքական օրակարգից, նախարարի այցը Շվեդիա ներառում էր նաև տնտեսական բաղադրիչ։ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է բանկային, էներգետիկ, բարձր տեխնոլոգիաների, կապի, առողջապահական, պարենի ոլորտները ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներին, պատմել է Հայաստանում ներդրումային հնարավորությունների, կառավարության տնտեսական զարգացման ծրագրերի մասին: Շվեդական գործարար շրջանակների ներկայացուցիչները պատմել են Հայաստանում իրենց ընկերությունների գործունության և համագործակցության հեռանկարային ծրագրերի մասին։ Քննարկվել են նաև հայ-շվեդական գործարար համաժողովների, տնտեսական ոլորտի պատասխանատուների փոխայցելությունների կազմակերպման հնարավորությունները:
Նոյեմբերի 24-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է շվեդահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Եվրոպական միություն-Հայաստան համագործակցությունը, պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերի։

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ