Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարությամբ է արձագանքել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրին. «Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված, այսպես կոչված, «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրն իրենից ներկայացնում է քայլ, որն ուղղված է Վրաստանի տարածքի անեքսիային, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և դեպի փակուղի է տանում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Աբխազիայի առաջ դնում է անլուծելի խնդիր»։ Վրաստանի նախագահը նշում է, որ «այս քայլով ՌԴ-ն փորձում է արդեն Աբխազիան վերածել իր ռազմական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տարածքի» և նման փաստաթղթի ստորագրումը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ պրակտիկան, Վրաստանին և միջազգային հանրությանը դնում լրացուցիչ խնդիրների առաջ»։ Մարգվելաշվիլին կոչ է անում միջազգային հանրությանը «համատեղ քայլեր ձեռնարկել անեքսիայի դեմ»։ «Մենք հնարավոր և ցանկալի ենք համարում միջազգային ֆորումի անցկացումը, որտեղ կմշակվեն ինչպես երկարաժամկետ մոտեցումներ նմանատիպ խնդիրների հանդեպ, այնպես էլ կոնկրետ միջոցներ ընդդեմ Եվրոպայում նոր ոչ լեգիտիմ սահմաններ հաստատելուն։ Այսօր մեզ անհրաժեշտ են միասնություն, ամրություն, խոհեմություն և անդադար աշխատանք՝ մեր պետականության դեմ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար»,- նշել է Վրաստանի նախագահը։