Հայաստանում հավատարմագրված 4 դեսպաններ առաջին անգամ թվիթերյան ասուլիս են նախաձեռնել: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան մեկ ժամ օնլայն ռեժիմով պատասխանել են Թվիթեր միկրոբլոգային ցանցի օգտատերերի հարցերին: Դեսպաններին ուղղված հարցերը հիմնականում վերաբերել են նոյեմբերի 12-ին ղարաբաղյան ռազմական ուղղաթիռի խոցմանը, միջազգային հանրության հասցեին հնչեցված քննադատություններին, Ադրբեջանի պահվածքին, որն այդպես էլ թույլ չտվեց մոտենալ զոհված օդաչուների մարմիններին, հայ-թուրքական հարաբերություններին և Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ապագային:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ էր ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված միջազգային հանրությունը հավասարության նշան դրել կողմերի միջև՝ խուսափելով քննադատել Ադրբեջանին, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն արձագանքել է. «Համանախագահները կոչ են արել Բաքվին թույլ տալ վերցնել զոհված օդաչուների մարմինները, իսկ Երևանին՝ լիարժեք համագործակցել»: Ինչպե՞ս են դեսպանները գնահատում այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում էր թույլ տալ մոտենալ խոցված ուղղաթիռի օդաչուների մարմիններին, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը պատասխանել է․ «Մենք մեր աջակցությունն ենք հայտնել համանախագահների հայտարարությանը, որը կոչ էր անում հնարավորինս շուտ մարդասիրական միջանցք բացել, աջակցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին»:
Օգտատերերից մեկի հարցին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ինչո՞ւ է Մինսկի խումբը հայտարարություններ անում, արձագանքել է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնը․ «Կողմերը իրենք պետք է խնդրի կարգավորման ուղղությամբ քաղաքական կամք ցուցաբերեն: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ընդամենը միջնորդ է»:
Օգտատերերից մեկն էլ, ընդգծելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերը ԱՄՆ-ի առաջնահերթություններից են, հարցնում է՝ կարո՞ղ եք կոնկրետ նշել ինչ քայլերի մասին է խոսքը: ԱՄՆ-ի դեսպանը պատասխանել է. «Համանախագահները կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական հռետորաբանությունից և սադրիչ քայլերից: ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ի կողմից սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը»:
Դեսպանները թվիթերյան ասուլիսում անդրադարձել են նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի՞նչ է սպասում Հայաստանին ԵԱՏՄ-ում՝ հաշվի առնելով Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը պատասխանել է. «Բազմաթիվ հարցականներ կան բոլորի համար, բայց կարևոր է, որ Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումները և ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծի»: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն ասել է. «Պատժամիջոցները Հայաստանի դեմ չեն ուղղված: Ռուսաստանը գիտի, թե ինչ պետք է անի, որ դրանք դադարեցվեն: Հասկանալի է, որ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները փոխկապակցված են: Սա Արևմուտքի հետ համագործակցությունը շարունակելու ևս մեկ պատճառ է՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար»:
Թվիթերյան ասուլիսում չշրջանցվեցին նաև հայ-թուրքական հարաբերությունները: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հայ-թուրքական հարաբերություններում զարգացումներ ակնկալում են և կոնկրետ ի՞նչ քայլեր են նախատեսում, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան պատասխանել է․ «ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների»:
Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն ասել է.«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Մեծ Բրիտանիան աջակցում է երկու երկրների միջև փոխանակման ծրագրերին, մեդիա նախաձեռնություններին: Հուսանք, հաջորդ տարի կունենանք ավելին»: ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնն էլ ընդգծում է. «Մենք աջակցում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, հասարակությունների միջև և բիզնեսի ոլորտում: Մենք նաև առաջ ենք մղում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը»: