Խոցված ուղղաթիռի միջադեպը և հաջորդող բռնությունը ևս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեֆ Ռաթկեն՝ ի պատասխան լրագրողների հարցին՝ ԱՄՆ-ն արդյոք որոշակի քայլեր ձեռնարկո՞ւմ է ուղղաթիռի անկման վայրում դիտարկում անցկացնելու համար:
«Մենք հետևում ենք նոյեմբերի 12-ին շփման գծում խոցված ռազմական ուղղաթիռի անձնակազմի 3 անդամների դիերի վերադարձման գործողությանը: Միջադեպն ու հաջորդող բռնությունը ևս մեկ անգամ ընդգծում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, և մենք կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և խուսափել գործողություններից, որոնք շփման գծում կարող են հանգեցնել լարվածության ուժեղացմանը: Մենք նաև կողմերին կոչ ենք անում վերաուղղորդել իրենց ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորման շուրջ բանակցությունների անցկացման ուղղությամբ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը նախկինի պես պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է Ջեֆ Ռաթկեն: