Պուտինն ասել է, որ անհրաժեշտ է ամուր պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։
«Իմ ղեկավարած երկիրը չի ներքաշվի աշխարհաքաղաքական խաղերի մեջ, չնայած նրան փորձում են ներքաշել նման հակամարտություններում»,- ՌԴ զինված ուժերի հարցով խորհրդաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ոչ մեկին չենք սպառնում և չենք պատրաստվում ներքաշվել աշխարհաքաղաքական խաղերի, ինտրիգների և հակամարտությունների մեջ»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ամուր պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և ՌԴ դաշնակիցների անվտանգությունը։
Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ պաշտպանության ոլորտում փաստաթղթեր են մշակվում, որոնք առաջիկա տասը տարիներին Ռուսաստանի զինված ուժերի զարգացման հիմք կհանդիսանան։ Փորձագետների պնդմամբ՝ խոսքը սպառազինությունների նոր պետական ծրագրի՝ ռազմական դոկտրինի և «Սպիտակ գրքի» մասին է։ Գործող ռազմական դոկտրինը Ռուսաստանն ընդունել էր 2010 թվականին՝ Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, և, հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական զարգացումները և Ռուսաստանի մեկուսացված լինելը, Մոսկվան անհրաժեշտ է համարում մշակել նոր ռազմական դոկտրին։