Բոլիվիայի խորհրդարանը միաձայն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության ժխտման քաղաքականությունը:
Բոլիվիայի Սենատի նախագահ Սոնիա Գուարդիա Մելգարը ասել է, որ բանաձևն ընդունել են Սենատում և խորհրդարանի Ստորին պալատում՝ «արտաքին գործերի նախարարի հաստատմամբ»:
«Մենք մեր աջակցությունը, համերաշխությունն ու բարեկամությունն ենք հայտնում հայ և քուրդ ժողովուրդներին, քանի որ մեր պետության Սահմանադրությունը, որը օրենքների օրենքն է, ոչ է ասում խտրականությանը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգություններին և ցեղասպանություններին»,- «Պրենսա Արմենիա» պարբերականին ասել է Բոլիվիայի օրենսդիր մարմնի ղեկավարը:
Բանաձևի տեքստում նշված է, որ Բոլիվիայի օրենսդիր ժողովը աջակցում է հայ ժողովրդին իր պայքարում՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության, ճշմարտության և արդարության վերականգնման, «հայտարարում է իր վճռական հանձնառությունը մարդու իրավունքների և արդարության պաշտպանության ուղղությամբ և դատապարտում հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանության և կրած տառապանքների ժխտման քաղաքականությունը»:
Հայտարարության ընդունման համար ջանքեր է գործադրել քուրդ գործիչ Մեհմեթ Ալի Դողանը, որ վերջերս էր այցելել Հարավային Ամերիկա թուրք առաջադեմ մտավորական Ռագըփ Զարաքոլուի հետ: Բոլիվիայում հայեր չեն բնակվում:
Պաշտոնական Երևանը արձագանքել է Բոլիվիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելուն: «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: