Դաքարում հրավիրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթնաժողովն ընդունել է Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձև, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվել է կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական և անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա՝ մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»՝ ամրագրված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում։