Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսի նկատմամբ իրեն անպարկեշտ է պահել՝ արգելելով բելառուսական մթերքների ներմուծումը: Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը նոյեմբերի 24-ից սահմանափակել է միս, երշիկ, կաթ և կաթնամթերք արտադրող11 բելառուսական ձեռնարկությունների արտադրանքի մուտքը Ռուսաստան՝ վտանգավոր միկրոօրգանիզմներ հայտնաբերելու պատճառով: Նույն հիմնավորմամբ՝ կիրակի օրը սահմանափակվել է ևս 8 ձեռնարկությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: «Ռուսաստանն իրեն անպարկեշտ պահեց՝ բելառուսական ձեռնարկություններին արգելելով մթերքների մատակարարումը»,- Մինսկում հայտարարել է Լուկաշենկոն: Նրա կարծիքով` Ռուսաստանի իշխանությունները «խախտել են բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»: Ի պատասխան՝ Բելառուսը չի արգելի ապրանքների տարանցումն իր երկրի տարածքով՝ ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն. «Եթե Ռուսաստանը չի ցանկանում, որ ինչ-որ ապրանքներ մեր տարածքով գնան Չինաստան, Մոնղոլիա, ՈՒզբեկստան, Թուրքիա, Ղազախստան և այլ երկրներ, թող ինքը զբաղվի այդ տարանցման արգելքով, սակայն ոչ մենք։ Մենք տարանցիկ պետություն ենք, մենք դրանից ստանում ենք որոշակի գումար, և չենք կարող արգելել ապրանքների տարանցումն այլ երկրներ»:
Էդվարդ Նալբանդյանը Բազելում կմասնակցի ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 4-5-ին Բազելում կմասնակցի ԵԱՀԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ նիստին։ Նախարարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված են Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումները այլ երկրների իր գործընկերների հետ։
Այսօր երեկոյան Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ։
Եգիպտոսի դատարանը մահվան դատապարտեց 188 մարդու
Երեկ Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել 188 մարդու, որոնք մեղավոր են ճանաչվել Կահիրեում ոստիկանների նկատմամբ բռնությունների, նրանց մահվան հասցնելու համար։ 2013-ի օգոստոսին ոստիկանական բաժանմունքի դեմ հարձակման հետևանքով զոհվել էր 10 ոստիկան։ Բողոքի ակցիան Կահիրեում անցկացվում էր ի պաշտպանություն պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի։