Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավար, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սիմոնետա Սոմարուգան չորեքշաբթի ընտրվել է երկրի նախագահ. նա նախագահելու է 2015-ին: Քվեարկությունը կայացել է Բեռնում Դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում: Երկրի փոխնախագահ է ընտրվել էկոնոմիկայի, կրթության և հետազոտությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Յոհան Շնայդեր-Ամանը: Պաշտոնյաները նոր պարտավորություններն իրականացնելու են նախկինների հետ միաժամանակ. նրանք շարունակելու են ղեկավարել իրենց նախարարությունները: Քվեարկության արդյունքները հայտնի էին նախապես, ինչը խորհրդարանում մեծամասնություն կազմող հիմնական քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունք է: Շվեյցարիայում նախագահը և փոխնախագահն ընտրվում են ռոտացիայի սկզբունքով կառավարության անդամներից մեկ տարի ժամկետով՝ առանց հաջորդ ժամկետի վերընտրվելու իրավունքի: