«Թուրքիա մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցումը ընդամենը 6 տոկոսով բավարար չէ»,- մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Անկարայում երկուշաբթի օրն արված հայտարարությունները՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ամենշաբաթյա նիստի ժամանակ: «Արդեն տեղյակ եք, որ Ռուսաստանը որոշեց 6 տոկոսով նվազեցնել Թուրքիա մատակարարվող բնական գազի գինը՝ ինչպես հայտարարեց պարոն Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ ասուլիսից անմիջապես հետո մենք դիմեցինք նրան` ասելով, որ գնի նման իջեցումը նշանակալի չէ: Բանակցությունները այս խնդրի շուրջ դեռ շարունակվելու են»: Վարչապետը հույս ունի, որ Մոսկվան ու Անկարան կկարողանան պահպանել տնտեսական հարաբերությունների զարգացման վերջին տարիների դրական դինամիկան: «Որևէ մեկը չէր էլ կարող կանխատեսել, որ Թուրքիան և Ռուսաստանը շատ կարճ ժամանակահատվածում կկարողանան զարգացնել հարաբերությունները` հասցնելով ներկա մակարդակին: Մեր երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը հասել է տարեկան 32 միլիարդ դոլարի ցուցանիշին: Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում մենք ապագային վերաբերող մի շարք այլ կարևոր որոշումներ ենք կայացրել»,- հայտարարեց Դավութօղլուն: Նա չի թաքցնում, որ ամենակարևոր որոշումը` գազի վերջնական գնի հստակեցումը, դեռ չի կայացվել:
Վարչապետի հայտարարություններին զուգահեռ՝ Մոսկվայից անհամեմատ ավելի մեծ սպասելիքների մասին խոսեց թուրք - ռուսական բանակցությունների առանցքային մասնակիցներից մեկը` Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարում է. «Ռուսաստանի կողմից գազի գնի նվազեցումը, իհարկե, դրական քայլ է, դա ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները, սակայն մենք շատ ավելի մեծ զեղչ էինք ակնկալում ռուսական գազի դիմաց: Կարող եմ ասել, որ գազի գնի շուրջ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա»։ Թուրք նախարարը հավելեց, թե առաջիկայում թուրքական BOTAS և ռուսական «Գազպրոմ» ընկերությունները կշարունակեն բանակցությունները:
Ռուսական «Գազպրոմ»-ին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ թուրքական կողմի պատկերացմամբ` փոխզիջումը գազի գնի նվազեցումն է ոչ թե 6, այլ 15 տոկոսով: Անկարայի դժգոհության ևս մեկ պատճառը ռուսական գազի մատակարարումների ոչ բավարար ծավալներն են: «Այսօր «Արևմտյան ուղի» խողովակաշարը իր հզորությունների կեսն է օգտագործում»,- հայտարարեց Թաներ Յըլդըզը` հիշեցնելով, որ ձմռանը Թուրքիան օրական մոտ 190 միլիոն խորանարդ մետր գազ է ծախսում: Անկարայում նկատում են, որ գազի մատակարարման արևմտյան ուղու կիսասառեցված վիճակը քաղաքական դրդապատճառներ ունի. խողովակաշարերից այդ մեկն անցնում է ՈՒկրաինայի տարածքով: Մյուս երկու խողովակաշարերը, որոնցով իրականացվում է գազի մատակարարումը, Սև ծովի հատակով անցնող «Երկնագույն հոսքն» է և Տրանսբալկանյան գազատարը:
Առավելագույն զիջումը, որին պատրաստ է գնալ «Գազպրոմը», գազի մատակարարումների ծավալի ավելացումն է 3 միլիարդ խորանարդ մետրով: Այդ քայլին ռուսական կողմը պատրաստ է 2015-ի հունվարի 1-ից: