«Բուլղարացիներն ինձ արդեն զզվեցրել են»,- ըստ թուրքական մամուլի՝ Անկարայում բանակցությունների ժամանակ այսպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցնելու իր որոշումը:
Hurriyet-ի պնդմամբ՝ Պուտինի հայտարարությունը հնչել է թուրք-ռուսական ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ժամանակ: Դռնփակ նիստին ներկա թուրք դիվանագետներից մեկը պարբերականին փոխանցել է ՌԴ նախագահի խոսքերը՝ «բուլղարացիները, վայելելով Արևմուտքի և Եվրամիության աջակցությունը, ընդդիմանում են մեզ և մարտահրավերներ են նետում»։
«Բուլղարացիները պարզապես ձգձգում են «Հարավային հոսքի» շինարարությունը»,- ասել է Պուտինը՝ հանդիպման ժամանակ տեղեկացնելով, որ Մոսկվան հրաժարվում է գազային նախագիծը շարունակելու գաղափարից, որի վրա «Գազպրոմն» արդեն իսկ 5 միլիարդ դոլար էր ծախսել:
Թուրքական պատվիրակության անդամները, ի դեպ, Hurriyet-ին փոխանցել են, որ Պուտինին ուղեկցող անձանց համար նրա այս հայտարարությունը ևս անակնկալ էր:
«Նույնիսկ Պուտինի աջ ձեռքը համարվող նրա թիմակիցները «Հարավային հոսքի» շինարարության դադարեցման մասին տեղեկացան Էրդողանի ղեկավարած թուրքական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ»,- ասել է բանակցություններին ներկա բարձրաստիճան թուրք դիվանագետը։ «Հարավային հոսքի» շինարարության դադարեցման մասին տեղեկացնելուց անմիջապես հետո Պուտինն առաջարկել է Էրդողանին նոր խողովակաշար կառուցել դեպի Թուրքիա` Անկարային առաջարկելով Հարավային Եվրոպայում ռուսական գազի վաճառքի գլխավոր միջնորդի դեր: Թուրքական աղբյուրների պնդմամբ՝ Էրդողանը հենց բանակցությունների ընթացքում համաձայնել է ռուսական կողմի առաջարկին, որից հետո երկու երկրների նախագահները ենթականերին հանձնարարել են սկսել նախագծի տեխնիկական մանրամասների ուսումնասիրությունը:
Թուրքական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում նաև Անկարայում բանակցությունների մեկ այլ դրվագի` Սիրիայում ստեղծված կացության թեժ քննարկումների մասին: «Պուտինը սիրիական խնդրի կարգավորման որոշ առաջարկներ ներկայացրեց, որոնք հնարավորություն էին տալիս Բաշար Ասադին մնալ իշխանության ղեկին»,- ասել է բանակցությանը ներկա թուրք դիվանագետը` ընդգծելով, որ Էրդողանը կտրականապես հրաժարվել է այդ տարբերակից:
Չնայած դրան Պուտինը շարունակել է զարգացնել այդ գաղափարը` հիշեցնելով, որ ժամանակին Մոսկվան բանակցել է նաև ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի ղեկավարների հետ:
«Ռուսաստանն այս պահին միակ պետությունն է, որն ի վիճակի է բանակցել թե Ասադի վարչակազմի և թե սիրիական ընդդիմության հետ: Եկեք համատեղ ուժերով նրանց նստեցնենք բանակցությունների սեղանի շուրջ»,- առաջարկել է Վլադիմիր Պուտինը՝ կրկին բախվելով Էրդողանի կտրուկ մերժմանը, գրում է Hurriyet-ը: