Նախագահը նման է նավապետի: Եթե նավին վտանգ է սպառնում, նա լքում է վերջինը՝ գրում է Paris Match-ի թղթակից Ռեժի Լե Սոմյեն, որ բացառիկ հարցազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Պատասխանելով հարցին, թե ափսոսո՞ւմ է, որ չի արձագանքել երեք տարի առաջ սկսվող բողոքի ալիքին՝ Ասադն ասել է. «Մենք չենք կարող ասել, թե ափսոսում ենք, քանի որ պատերազմում ենք ընդդեմ ահաբեկչության: Դա չի նշանակում, որ սխալներ չեն եղել: Սխալներ միշտ են լինում: Բայց եթե անկեղծ խոսենք, եթե Կատարն ամենասկզբից չֆինանսավորեր ահաբեկիչներին, եթե Թուրքիան չաջակցեր, եթե Արևմուտքը քաղաքական աջակցություն չցուցաբերեր նրանց, ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր»: Նա նշել է, որ չնայած Սիրիայում եղած խնդիրներին՝ այսօրվա իրադրության պատճառները երկրի ներսում չպետք է փնտրել:
«Երբ ձեզ վրա ահաբեկիչներ են հարձակվում, դուք մտածում եք, որ կարելի է պաշտպանվել երկխոսությա՞ն միջոցով»,-հարցրել է Սիրիայի նախագահը:
Նա ասել է, թե ՄԱԿ-ի տվյալները՝ 190 հազար զոհի մասին, պետք է ստուգվեն, քանի որ հայտնի չէ, թե ինչ աղբյուրներից են վերցված թվերը:
Խոսելով ավերածությունների մասին՝ Ասադն ասել է, որ երբ ահաբեկիչները գրավում են ինչ-որ շրջան, վերագրավելու համար բանակը մարտեր է սկսում, իսկ պատերազմում ավերածություններ են լինում:
Սիրիայի նախագահը նշել է, որ իրենք բավարար միջոցներ ունեն պատերազմում հաղթելու, չնայած, որ պատերազմում են պետությունների, այլ ոչ միայն խմբավորումների դեմ: «Նրանք միլիարդավոր դոլարներ են ստանում: Զենք են ստանում այնպիսի երկրներից, ինչպես, օրինակ, Թուրքիան է: Խոսքը միայն թեթև զենքերի մասին չէ»,- ասել է Բաշար Ասադը՝ նշելով, որ չնայած դրան՝ սիրիական բանակին հաջողվում է հաջողություն գրանցել: Ասադը կարծում է, որ խոսքն աննախադեպ պատերազմի մասին է, երբ կռվում են ոչ թե երկու բանակներ, որոնք տարբեր տարածքներում են, այլ պայքար է ահաբեկիչների դեմ, որոնք թափանցել են քաղաքներ ու գյուղեր: «Պատերազմը երկար ու դժվար է լինելու»,- ասել է նա:
Պատասխանելով իր հրաժարականի մասին հարցին՝ Ասադը պնդել է, որ դա քաոս կարող է առաջացնել և օրինակ է բերել Մուամար Քադաֆիին, ում հեռանալուց հետո Լիբիայում քաոս է սկսվել: Նա պետությունը համեմատել է նավի հետ, որի հրամանատարը փոթորկի ժամանակ չի լքում նավը՝ փորձելով փրկել:
«Նավապետը չի մտածում ոչ մահվան, ոչ կյանքի մասին: Նա մտածում է՝ ինչպես փրկել նավը: Այդ օրինակով ավելի լավ է անել հնարավորը՝ երկիրը փրկելու համար»,- ասել է նա և նշել, որ իր նպատակը նախագահի պաշտոնում մնալը չէ:
Բաշար Ասադը նաև հայտարարել է, որ Դամասկոսը վճռականորեն հրաժարվել է քիմիական զենքից, որը երբեք չի կիրառել: