«Ես վստահ եմ, որ դա ոչ Հայաստանին է պետք, ոչ էլ Ռուսաստանին: Դրանք երկու անկախ պետություններ են, որոնք ինչպես դարեր շարունակ ընկերություն են արել, այդպես էլ դարերով շարունակելու են ընկերություն անել՝ որպես առանձին պետություններ»,- ասել է ՌԴ Պետդումայի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը՝ պատասխանելով հարցին, թե երկու երկրների ինտեգրումը կարո՞ղ է այնքան խորանալ, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի մասը:
«Եվրասիական տնտեսական միությունը նախատեսվում է լինել անկախ պետությունների միություն, և այդ պետությունները ներկայացված են լինելու ԵԱՏՄ-ի ղեկավար մարմիններում: Ղեկավարող կառույցում յուրաքանչյուր երկրից երկուական ներկայացուցիչ են լինելու, և ԵԱՏՄ-ում ներկայացված ոչ մի երկիր ձայների մեծամասնություն չունի: Նրանք լիովին հավասար են, այդ թվում՝ Ռուսաստանն ու Հայաստանը: Ես կարծում եմ, որ նման ձևակերպումը լիովին սխալ է: Դա անկախ պետությունների միություն է, որտեղ անդամ երկրները, ինտեգրվելով միացյալ տնտեսական միության մեջ, փոխադարձաբար կլրացնեն միմյանց: Ես վստահ եմ, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ-ին անդամակցելը թույլ կտա Հայաստանի տնտեսությանը հաջողությամբ զարգանալ, ճանապարհներ կառուցել, ստեղծել նոր աշխատատեղեր, դադարեցնել մարդկային ճակատագրերի արտահոսքը: Հետևաբար, Հայաստանի տնտեսական զարգացումը նոր տեմպերով կընթանա, ինչը ծաղկում ապրելու հնարավորություն կտա»,- կարծում է Օլեգ Լեբեդևը:
Նա համաձայն չէ, որ ՌԴ-ն ԵԱՏՄ-ն ստեղծել է ի հակակշիռ ԵՄ-ին «Ոչ: Ես վստահ եմ: Եվրասիական տնտեսական միությունը ենթադրում է, որ ԵԱՏՄ-ում երկրների մի մասը ներկայացնում է Եվրոպան, այդ պատճառով չի կարող լինել ընդդեմ Եվրոպայի: Նույնիսկ ԵԱՏՄ մտնելու համար միշտ հարկավոր է հասկանալ, թե ինչ պայմաններով ես դու մտնում: Հայաստանը փոքր երկիր է՝ իրեն բնորոշ տնտեսությամբ, որը, մտնելով ԵՄ, ինչպես նախատեսվում էր նախկինում, հավասար պայմաններով հանդես չէր գալու՝ մեծ Եվրոպական միություն և փոքրիկ Հայաստան: ԵԱՏՄ-ն թույլ է տալիս և կանխատեսում է ինտեգրում ԵՄ-ի հետ, բայց արդեն այլ պայմաններով՝ որպես հզոր տնտեսական միություն: Եվ Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում արդեն հնարավորություն ունի իր համար ավելի լավ սկզբնական պայմաններով ինտեգրվելու նաև Եվրոպական միությանը»,- պատասխանել է Օլեգ Լեբեդևը: Նա նաև համաձայն չէ, թե ԵԱՏՄ-ում թելադրողը լինելու է ՌԴ-ն: «ԵԱՏՄ-ում հիմնական սկզբունքն այն է, որ ոչ մի երկիր ավելի մեծ իրավունք չունի, քան մնացած բոլորը»,- եզրափակեց նա:
Հարցին, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պե՞տք է մաքսակետ դրվի, ինչպես ուզում են Բելառուսը և Ղազախստանը, Օլեգ Լեբեդևը պատասխանել է. «Իմ անձնական կարծիքով՝ ոչ»: