Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շտայնմայեր. «Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը մեկ քայլ է մնացել»

Շտայնմայեր. «Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը մեկ քայլ է մնացել»
10.12.2014 | 18:33

Վրաստանը շատ մոտ է ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի սահմանմանը՝ Թբիլիսիում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը. «Վրաստանն ու Եվրամիությունը շատ մոտ են ազատ վիզային ռեժիմի ձևավորմանը, կարելի է ասել, որ դրան մեկ քայլ է մնացել: Գերմանիան իր ողջ ազդեցությունը կօգտագործի Վրաստանի եվրոպական ընտրությանն աջակցելու համար»:
«Եվրամիության և Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագիրը պետք է դառնա ձեր երկրում բարեփոխումների և արդիականացմանն ուղղված քայլերի գլխավոր խթանը: Այս համաձայնագիրը ստորագրած երկու կողմերն էլ պետք է լուրջ աշխատանք իրականացնեն, բավական շատ ժամանակ ծախսեն, որպեսզի Վրաստանի քաղաքացիները կարողանան օգտվել Ասոցացման պայմանագրի կողմից ընձեռվող օգուտներից»,- ասել է Ֆրանկ Վալտեր Շտայնամայերը:
Պատասխանելով Reuters-ի թղթակցի դիտարկմանը, թե պաշտոնական Բեռլինը «պահպանողական դիրքորոշում է որդեգրել» ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարը նկատեց. «Ես չեմ կարծում, որ այս խնդրում Գերմանիայի դիրքորոշումը պահպանողական է: Ես կգերադասեի որակել որպես ճիշտ և համարժեք ստեղծված իրավիճակին: Գերմանիան աջակցում է 2008-ի ապրիլին դաշինքի բուխարեստյան գագաթնաժողովի որոշմանը, որի համաձայն Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ համապատասխանի կազմակերպության առաջ քաշած բոլոր չափանիշներին: Ավելին, հենց Գերմանիան էր, որ առաջարկեց ՆԱՏՕ-ի վերջին՝ ուելսյան գագաթնաժողովում Վրաստանին աջակցության հատուկ փաթեթ մշակել: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը տրամաբանական ընթացք ունի»:
Գերմանիայի արտգործնախարարը վերջին երկու օրերին Թբիլիսիում կայացած բանակցությունների ընթացքում չշրջանցեց նաև Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկու շաբաթ առաջ Սոչիում կնքված պայմանագիրը, որի ստորագրումը վրացական կողմը բռնակցման փորձ է որակում: Այս թեմային Շտայնմայերը անդրադարձավ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ բանակցություններից հետո:
«Մենք խոսեցինք նաև այստեղ` Վրաստանում, ստեղծված կացության մասին, մասնավորաբար՝ Աբխազիայի և Ռուսաստանի միջև պայմանագրի ստորագրումից հետո: Ես ասացի ձեր նախագահին, որ մենք երբեք չենք ընդունի այս պայմանագիրը»,- ասել էր նախարարը: Նրա վրացուհի պաշտոնակից Թամար Բերուչաշվիլին պնդում է, որ այս հարցում Բեռլինը միանշանակորեն համակարծիք է Թբիլիսիի հետ: «Ինչպես և մենք, մեր գերմանացի գործընկերները ևս խորապես ապշած են Ռուսաստանի վերջին գործողություններից, որոնք ոտնահարում են ոչ միայն Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, այլև միջազգային իրավունքի նորմերը: Աբխազիայի փաստացի իշխանությունների հետ, այսպես կոչված, ռազմավարական գործընկերության և ինտեգրման մասին համաձայնագրի ստորագրումը վկայում է, որ Ռուսաստանի նպատակը վրացական տարածքների օկուպացիան և բռնակցումը շարունակելն է: Բացի այդ, Մոսկվան նպատակ ունի կանխելու Վրաստանի հաջող ինտեգրումը եվրոպական կառույցներին»,- հայտարարում էր Բերուչաշվիլին:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Թբիլիսիից մեկնելուց առաջ հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Բանակցությունների այս փուլում կողմերը հիմնականում կենտրոնացան տնտեսական երկկողմ կապերի ամրապնդման վրա: Վրացական աղբյուրների փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին և Շտայնմայերը քննարկել են նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի առաջիկա այցը Վրաստան: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 2015-ի գարնանը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ