«Ադրբեջանի դեմ 1994 թվականի հաղթանակից ի վեր Լեռնային Ղարաբաղի կառավարությունը մտադրվել է օրինակելի երկիր դառնալ, սակայն այս երկրի քրիստոնյա բնակչությունը 20 տարի շարունակ տառապում է դիվանագիտական մեկուսացման պատճառով»՝ նշված է Լյուքսեմբուրգում հրապարակված Լորենս դը Հոնդթի հոդվածում` նվիրված Լեռնային Ղարաբաղին: Հեղինակը պատմում է Լեռնային Ղարաբաղ իր ճանապարհորդության և տպավորությունների մասին: «Բոլոր լեռների նման անկախ և հպարտ Ղարաբաղն ունի 150 հազար բնակիչ: Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանը նոսր բնակչությամբ Ղարաբաղի բնակիչներին չխանգարեց հայտարարել Հայաստանին միանալու կամքը. երկիր, որին կապված էին իրենց մշակույթով, լեզվով և կրոնով»,- գրում է Հոնդթը` հավելելով, որ 1994 թվականին Ադրբեջանի դեմ տարած հաղթանակից 20 տարի անց Լեռնային Ղարաբաղը դեռ չի ճանաչվել միջազգային և անգամ Հայաստանի Հանրապետության կողմից, քանի որ այս ճանաչումը անմիջապես պատերազմ կհրահրի հարևան Ադրբեջանի հետ:
«Մենք ամեն օր տառապում ենք մեր երկրի չճանաչվածությունից: Մի ողջ սերունդ է մեծացել չճանաչված պետությունում»,- ասել է ԼՂՀ մշակույթի նախարարը:
Նշվում է, որ ամեն տարի համահայկական հեռուստամարաթոն է կազմակերպվում, որից ստացված հասույթը հատկացվում է ճանապարհների, վարչական կառույցների, մայրաքաղաքի փողոցների վերակառուցմանը, ծննդյան նպաստների տրամադրմանը` մուսուլմանական երկրներով շրջապատված այս լեռնաշխարհում հայ քրիստոնյաների ժողովրդագրական աճը խթանելու համար:
Շնորհիվ իր լեգենդար հյուրընկալության` Ղարաբաղը գրավում է աշխարհահռչակ արվեստագետներին. իսպանացի աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն՝ հուզված հայ ժողովրդի ճակատագրից, այցելել և ելույթ է ունեցել մայրաքաղաք Ստեփանակետի փողոցներում: