NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Դևիդ Հերշենհոռնի՝ «The New York Times»-ում հրապարակված հոդվածը:
ՌԴ խորհրդարանի Ստորին պալատը չորեքշաբթի միաձայն քվեարկեց պայմանագրի օգտին, որը Հայաստանին թույլ է տալիս միանալ նախկին խորհրդային հանրապետությունների առևտրային բլոկին, որի մասին նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է որպես Եվրամիության այլընտրանքի: Պուտինն այդ բլոկը պատկերացնում է որպես ԵՄ-ի հակակշիռ և որպես տարածաշրջանի տնտեսական շահերի լավագույն երաշխավոր:
Սակայն վերջին ամիսներին լարվածություն առաջացավ, երբ Ռուսաստանը տնտեսական ճնշման տակ ընկավ՝ ՈՒկրաինայում Կրեմլի միջամտության պատճառով Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով: Ռուսաստանի աճող տնտեսական խնդիրները, այդ թվում՝ ռուբլու կտրուկ անկումն ու նավթի համաշխարհային գների նվազումը, ազդեցին մերձավոր առևտրային գործընկերների վրա, մասնավորապես՝ Բելառուսի: Լարվածությունը հարցի շուրջ, թե որքանով են Բելառուսն ու Ղազախստանը պատրաստ աջակցել Ռուսաստանին՝ ՈՒկրաինայի պատճառով Արևմուտքի հետ այդ երկրի հակամարտության գործում, ԵԱՏՄ երկարաժամկետ կենսունակության մասին հարցեր առաջացրեց:
Հայաստանը, ինչպես ՈՒկրաինան, աշխատում էր ԵՄ-ի հետ ավելի սերտ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ուղղությամբ՝ ներառյալ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի կնքումը: Սակայն ամեն ինչ փոխվեց 2013-ի սեպտեմբերին, երբ Ռուսաստանն ակտիվացրեց ջանքերը, որպեսզի խանգարի ԵՄ ծրագրին՝ ուղղված նախկին խորհրդային հանրապետությունների հետ կապերի ամրապնդմանը: Սեպտեմբերին Մոսկվայում Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարվում է եվրոպական բանակցություններից, և որ իր երկիրը միանում է Ռուսաստանի տնտեսական բլոկին:
Նրա որոշումը որոշակի բողոք առաջացրեց Հայաստանի մայրաքաղաք Երևանում, բայց երկիրը, ի վերջո, մեծ ընտրություն չուներ, քանի որ տնտեսական և անվտանգության ոլորտներում օգնության առումով չափազանց կախված է Ռուսաստանից: Առևտրային բլոկին Հայաստանի միանալու արժեքը կասկածի տակ է դրվում, մասնավորապես այն պատճառով, որ երկիրն ընդհանուր սահմաններ չունի անդամ որևէ պետության հետ:
Այս երկրի տնտեսությունը շատ է կաղում, քանի որ երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, փակ են վաղեմի հակամարտությունների պատճառով: Առևտրային գործունեությունը հարավային հարևան Իրանի հետ սահմանափակ է՝ այդ երկրի միջուկային ծրագրի հետ կապված միջազգային պատժամիջոցների պատճառով: Մնում է միայն հյուսիսային հարևան Վրաստանը, որն ամբողջությամբ բաց է առևտրի համար:
ՌԴ խորհրդարանի Ստորին պալատում քվեարկությունից առաջ ունեցած ելույթում Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը ԵԱՏՄ տնտեսական օգուտները անվանեց Եվրոպայի հետ ՈՒկրաինայի սերտ կապերի տոքսիկ արդյունքներ: