Միջազգային հեղինակավոր պարբերականները վերլուծում են Եվրասիական միության ստեղծման դրդապատճառները և կառույցի հեռանկարները:
Ըստ Los Angeles Times պարբերականի` Եվրասիական միություն ստեղծելու Ռուսաստանի նպատակը եվրոպական դաշինքի հետ մրցակցելն է:
Ծավալուն հոդվածում ամերիկյան պարբերականի թղթակիցը նկատում է, որ Խորհրդային Միության նախկին հանրապետությունների դաշինք նախագծելով՝ Կրեմլի առաջնորդը նպատակ ունի հակազդելու Եվրամիությանը, որն իր առևտրային ու քաղաքական ազդեցությունը տարածել է մինչև Ռուսաստանի սահմաններ՝ ներառելով Արևելյան Եվրոպայի երկրները, Խորհրդային Միության մերձբալթյան երեք հանրապետությունները:
«Հինգ պետություններ այս պահին պարտավորվել են միանալ Մոսկվայի գլխավորած դաշինքին՝ թողնելով 180- միլիոնանոց շուկան»,- գրում է հեղինակը՝ կանգ առնելով մասնավորապես Ղրղզստանի և Հայաստանի անդամակցության վրա: Ղրղզստանը, լինելով հետխորհրդային երկրներից ամենաաղքատը, քիչ հավանական է, որ կկարողանա օգուտներ բերել Կրեմլի նախաձեռնած տնտեսական դաշինքին: Կենտրոնական Ասիայում գտնվող՝ դեպի ծով ելք չունեցող մոտ հինգուկես միլիոն բնակչությամբ այս երկիրը ՄԱԿ-ի 193 անդամ երկրների ցանկում մեկ շնչին ընկնող եկամուտով 185-րդ տեղում է: Հայաստանը ևս իր հետ ավելի շատ տնտեսական խնդիրներ է բերում այս կառույց, քան հեռանկարներ՝ աղքատ բնակչությամբ և հարևան Ադրբեջանի հետ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությամբ:
«Եվրասիական տնտեսական միություն. Մեռելածին միություն» վերտառությամբ վերլուծականում գերմանական Deutsche Welle-ն նշում է, թե ներկայումս Հայաստանով համալրված այս կառույցին առաջիկայում ծանր ժամանակներ են սպասում: «Փորձագետների կարծիքներն այս հարցում տարբեր են: Ոմանք համարում են, որ միությունը մեռելածին է, մյուսների կարծիքով՝ սա անհրաժեշտություն էր, և հաջող զարգացման համար անհրաժեշտ է Ռուսաստանի ճգնաժամի հնարավորինս արագ հաղթահարումը»,- գրում է Deutsche Welle-ն:
«ԵԱՏՄ-ն պետք է դառնար Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականության մեծագույն հաղթանակը՝ Եվրամիության հետ մրցակցող հզոր միություն, որը պետք է ձգվեր ՈՒկրաինայից մինչև Խաղաղ օվկիանոս»,- նկատում է The Washington Post-ը՝ արձանագրելով, որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում հունվարի 1-ից ուժի մեջ մտնող համաձայնագիրը այնքան էլ չի համապատասխանում Պուտինի մեծ նպատակներին: Հոդվածագիրը համոզված է, որ Պուտինի նպատակն էր հարևանների հետ քաղաքականության շնորհիվ ձեռք բերել ավելի մեծ իշխանություն:
The Washington Post-ի կարծիքով` Ռուսաստանի դաշնակիցները թեև ողջունում են տնտեսական նոր հնարավորությունները, սակայն մտավախություն ունեն, որ իրենց երկրներում էլ կարող է կրկնվել ուկրաինական սցենարը: Հեղինակը պնդում է, որ Պուտինը այս միությունը դիտարկում էր որպես Խորհրդային Միության հզորության մասնակի վերականգնման ուղի՝ Մոսկվայում կենտրոնացնելով տնտեսական և քաղաքական ռազմավարությունները: