Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և հետ շպրտվել

ԼՂ ՊԲ. Հակառակորդը դիվերսիոն երկու գործողություն է ձեռնարկել և հետ շպրտվել
04.01.2015 | 11:19

Ըստ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության՝ հակառակորդը կորուստներ է կրել, հայկական կողմից զոհվել է երկու զինծառայող, մեկը վիրավորվել է։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ անցած գիշեր ժամը 3:15-ի սահմաններում Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կորուստներ կրելով՝ հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:
«Ավաղ, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը: Վիրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը»,- փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը։
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն։
Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է.
«Իրավիճակը վերահսկելի է, բնական է, որ հակառակորդը փորձում է հատկապես այս տոնական օրերին յուրովի «շնորհավորել» մեր Նոր տարին, բայց ասեմ, որ ստանալու է նույնպիսի «շնորհավորանքներ», նույնպիսի «բարեմաղթանքներ»։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանին հետմահու պարգևատրել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Գիշերվա իրադարձությունների արդյունքում վիրավորված զինծառայող Վոլոդյա Հարությունյանը, Դավիթ Բաբայանի փոխանցմամբ, վիրահատվել է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում. «Վիրավորի առողջությանը ներկա դրությամբ որևէ բան չի սպառնում, նրա առողջական վիճակը արդեն կայուն է։ Եղել է վիրահատություն, նորմալ անց է կացրել և նորմալ վիճակում է»։

Դիտվել է՝ 4228

Մեկնաբանություններ