Գլեբ Պավլովսկու համոզմամբ՝ 2014-ին Ռուսաստանը բախվեց ռազմավարական ճգնաժամի և կառավարման վերահսկողության կորստի հետ։ Նրա խոսքով, 2015-ը Ռուսաստանի համար լինելու է ավելի կոնֆլիկտային։ «Հասարակությունը, փաստորեն, բաժանված է երկու մասի, արդյունավետ կառավարություն որպես այդպիսին, չկա ու չի լինելու. Կրեմլից զանգում են Կենտրոնական բանկ կամ կառավարություն և ռուբլու արժեզրկման հարցերը փորձում կարգավորել։ Այսպես չի կարող աշխատել կառավարությունը»,- ասում է փորձագետը։ «Կարծես թե Պուտինը ոչ թե մարդ է, այլ Աստված։ Իսկ նա հասարակ մարդ է, տաղանդավոր մարդ, բայց ճգնաժամային իրավիճակում իրեն պարզապես կորցրել է և չունի ճգնաժամը կարգավորելու լուծում։ Չնայած Պուտինն այսօր էլ ունի այլընտրանք՝ կամ վերադառնալ իրականություն, կամ մնալ իր երևակայություների մեջ։ Սակայն, իրականություն չվերադառնալու դեպքում նա շատ շուտ կտապալվի որպես նախագահ, ավելի շուտ, քան կհեռանա Կրեմլից, այսինքն՝ կկորցնի իր ազդեցությունը, և սա ամենահավանական սցենարն է այսօր։ Պուտինը կարող է մնալ Կրեմլում, բայց այլևս չի կարող վերահսկել իրավիճակը երկրում»,- ասել է Պավլովսկին։
Վերլուծաբանի խոսքով, ճգնաժամային իրավիճակը չի կարող երկար տևել և հանգուցալուծումը արագ կլինի, նրա կարծիքով, խոսքը ամիսների մասին է։
Փորձագետների կարծիքով` 2015-ը Ռուսաստանի համար արագընթաց զարգացումների տարի է լինելու։ Ռուսաստանում հանգստյան օրերը կավարտվեն հունվարի 12-ին, բորսան արդեն գործում է և դոլարն ու եվրոն ավելի քան երկու ռուբլով թանկացել են, նավթն արժե 56 դոլարից պակաս։ Փորձագետների համոզմամբ, արդեն հունվարին Ռուսաստանում կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները և տնտեսական ճգնաժամն ավելի զգալի կդառնա։