2Օ14-ից ԱՄՆ-ին մնացել են միջազգային ասպարեզում անավարտ հարցեր ու խնդիրներ` Աֆղանստանը, «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը, Իրանը, Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան։ 2014-ի ավարտին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ազդարարեց Ամերիկայի պատմության մեջ ամենաերկարատև պատերազմի ավարտը՝ հայտարարելով, թե 13 տարի տևած աֆղանական պատերազմն ավարտված է։ Սակայն ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք հայտարարում են, թե 2015-ի սկիզբը չի նշանակում ամերիկյան օժանդակության ավարտ։ Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին ասել է, որ դեկտեմբերի 31-ն ամենևին չի նշանակում, որ մենք այստեղից լիովին հեռանում ենք։ «Մենք դեռևս մնալու ենք այստեղ»,- հայտարարել է նա։
Աֆղանստանում մնացած ամերիկյան ավելի քան 10 հազար զինվորականները պիտի շարունակեն օժանդակել երկրի զորքերին մարզումների ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում։ Այս օժանդակության կարևորությունն ավելի է ընդգծվում, երբ Թալիբանն ամերիկյան զորքերի դուրսբերումը համարում է իր հաղթանակը և նոր հարձակումներ իրականացնում տեղի ուժերի ուղղությամբ։
2014-ից ԱՄՆ-ի համար 2015 թվական է փոխանցվել նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը շարունակելու պարտավորությունը։ Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբան Փոլ Սեյլմը հավատացած է, որ Իրաքը քրդական ուժերի ու Իրաքի ազգային բանակի գործողությունների, ԱՄՆ-ի օժանդակությամբ 2015 թվականին կգրանցի նկատելի առաջընթաց խմբավորմանը պարտության մատնելու գործում։
Մյուս կարևոր հարցն Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակությունն է։ ԱՄՆ-ը պիտի շարունակի ջանքերը, որ աշխարհի գերհզոր մյուս հինգ պետությունների հետ կարողանա հուլիսին համաձայնության գալ Իրանի հետ անցկացվող բանակցություններում։ Սակայն Կոնգրեսը, որտեղ 2015-ին արդեն մեծամասնություն են հանրապետականները, կարող է ձգտել Իրանի դեմ նոր պատժամիջոցների, ինչը, շատերի կարծիքով, բացասաբար կազդի բանակցային գործընթացի վրա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ամերիկյան պատժամիջոցներն էական նշանակություն ունեն՝ Ռուսաստանի տնտեսությունը կրում է մեծ կորուստներ՝ ի պատասխան ՈՒկրաինայում Մոսկվայի վարած քաղաքականության։ «Բայց մեր նպատակը Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելը չէ»,- ասում է ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի օգնական Էրիք Ռուբինը, ում խոսքերով՝ որևէ մեկը չի ցանկանում վերջ դնել ռուս-ամերիկյան հարաբերություններին։ Վաշինգտոնն էլ հայտարարում է, թե պատժամիջոցները կմեղմվեն, եթե ի շարս այլ պայմանների, ՈՒկրաինայի տարածքից դուրս բերվեն ռուսական բոլոր զորքերը։
2Օ15 թվականի խնդիրների շարքում չի կարելի անտեսել Հյուսիսային Կորեան, որի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին հրահանգով նախագահ Օբաման հանդես եկավ նոր տարվա երկրորդ օրը: